Կառավարության հաստատմանն է ներկայացվել ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ 2021-ին առաջին անգամ իրագործվել է գործընթացը՝ 7 առարկաների գծով, 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար. «Դրա արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50%՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից»։
Նախարարի խոսքով՝ իրենց քաղաքականությունն այնպես է եղել, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև, նույնիսկ 50% ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ևս չէր ապահովվում մրցակցային, գրավիչ աշխատավարձ ունենալու հնարավորությունը։
Դումանյանն ընդգծեց, որ Կրթության մասին օրենքում համապատասխան փոփոխություն է արվել, և այժմ առաջարկում են կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը դարձնել 200․000 դրամ։ «Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50% հավելավճար. տեսականորեն և գործնականում ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400․000 դրամ աշխատավարձ»։