Քաղաքական

«Եթե մի քաղտեխնոլոգիա 2018-ին հաջողել է, չի նշանակում՝ հիմա էլ կհաջողի». քաղտեխնոլոգ

«Եթե մի քաղտեխնոլոգիա 2018-ին հաջողել է, չի նշանակում՝ հիմա էլ կհաջողի». քաղտեխնոլոգ

Ընդդիմությունը անժամկետ ապակենտրոն պայքար է սկսել, որոնք ուղեկցվում են տարբեր բողոքի ու անհնազանդության ակցիաներով։

Radar Armenia-ն քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել է այն մասին, թե արդյո՞ք ակցիաների՝ 2018-ին իրականացված գործողությունների նմանությամբ իրականացումը կարող է արդյունավետ լինել։ Ըստ նրա՝ Փաշինյանից առաջ այդ տեխնոլոգիաները շատ վաղուց, այս կամ այն ձևով, կիրառվել են տարբեր երկրներում, տարբեր գործընթացներում. «Քաղաքական գործընթացի արդյունավետ կամ ոչ արդյունավետ իրականացումը պայմանավորված չէ տեխնոլոգիաներով։ Այնպես չէ, որ եթե մի տեխնոլոգիա կիրառել ես 2018-ին, ու այն հաջողության է բերել, ապա նույնի կիրառումը հիմա ևս հաջողության կբերի։ Տեխնոլոգիաներն ընդամենը գործիք են, իսկ հաջողություն բերում է ոչ թե գործիքը, այլ՝ դրա արդյունավետ կիրառումը։ Կիրառումն էլ հաջողում է այն դեպքում, երբ համապատասխան պայմաններ կան»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նշված պայմանները լիարժեք պատկերացնելու, հասարակական տրամադրությունների փոփոխության աստիճանը հասկանալու համար անհրաժեշտ են սոցիոլոգիական լուրջ ուսումնասիրություններ, որոնք չկան․ «Իհարկե, նկատելի է, որ հասարակության մոտ տրամադրություն է փոխվել, Երևանում է շատ արմատական փոփոխություն եղել։ Մարզերի և մայրաքաղաքի բնակչության տրամադրությունների միջև կան տարբերություններ. հատկապես գյուղական բնակավայրերում տրամադրություններն այնքան էլ չեն փոխվել, բայց կա այլ խնդիր՝ այդ գյուղերում մարդկանց թվաքանակը մեծ չէ»։

Բադալյանը կարևորեց նաև տեխնոլոգիաների՝ առանց թերությունների կիրառումը․ «Եթե կարողանան տեխնոլոգիան 100%-ին մոտ արդյունավետությամբ կիրառել, բնականաբար, կլինի հաջողություն, ընդհուպ՝ իշխանափոխություն, իհարկե, հաշվի առնելով, որ վերջինի համար նաև որոշակի արտաքին քաղաքական գործոններ են պետք»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ գործող իշխանության պաշտոնավարման տարիները պետք է բաժանել առնվազն երկու մասի՝ 2018-2019թթ. և 2020թ.-ից մինչ օրս․ «2018-ն էյֆորիայի տարի էր, ընդդիմությունը չէր կարող որևէ հաջողություն գրանցել, բայց, չնայած դրան, անգամ այդ տարի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ու Երևանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում փոփոխություններ կային։ 2019-ի և 2018-ի միջև էլ նկատելի էին փոփոխություններ. օրինակ, 2019-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, քաղաքական ուժերին տված ձայները բավականին տարբերվում էին մի քանի ամիս առաջ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ ուժերին տրված ձայներից։ 2019-ից հետո տեղի ունեցան 2 շատ կարևոր իրադարձություններ՝ կորոնավիրուսի համավարակ և արցախյան պատերազմ, որոնք էական ազդցություն ունեցան հասարակական տրամադրությունների վրա»։

Թե ինչու 2021թ. սկզբում ընդդիմությունը հանրահավաքներով չհասավ իշխանափոխություն անելու՝ իր հայտարարած նպատակին, Բադալյանն ընդգծեց, որ հասարակությունը ճնշված, շոկային վիճակում էր․ «Բացի դա՝ մարդիկ որոշակի հույս ունեին, մտածում էին՝ Ղարաբա՞ղն էր խնդիրը, հիմա Ղարաբաղն էլ զիջեցինք, գուցե արդեն լավ կապրենք։ Բայց այժմ արդեն տեսնում են, որ Արցախը զիջելուց հետո էլ Ադրբեջանն անընդհատ առաջ է գալիս, նաև՝ ՀՀ տարածք։ Այս ամենը ավելի է արագացնում հասարակական տրամադրությունների փոփոխությունը։ Իշխանություններն են խթանում, որ հասարակությունն ավելի ակտիվ գործողություններ իրականացնի իրենց դեմ։ Իսկ 2021թ. խորհրդարանական ընտրությունների տվյալներն ու իշխանության ստացած 680․000 քվեն չպետք է դիտարկել, որովհետև ՀՀ-ում ընտրություններում միշտ հաղթում է նա, որն այդ պահին իշխանություն է»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական