«Եթե իրավական առումով բնապահպանության ստանդարտների խախտման խնդիրներ չկան, ապա պետք է աշխատի, ինչպես մնացած բոլոր հանքերը, եթե կան, չպետք է աշխատի»,-այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցի ակտիվացմանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցին։
Ըստ Թունյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում, տնտեսական առումով, ազդեցությունը համախառն ներքին արդյունքի վրա քիչ չի. «Ամուլսարի շահագործումը տնտեսական ակտիվություն կապահովի. որոշակի ծավալի լրացուցիչ ներդրումներ կկատարվեն, շահագործման ընթացքում տարեկան հարկեր կվճարվի պետական բյուջե, աշխատատեղեր կստեղծվեն ու նաև բավականին մեծ ծավալի արտահանում կապահովվի։ Այսինքն, զուտ տնտեսական տեսանկյունից՝ նպատակահարմար է, որ աշխատի»։
Նրա խոսքով՝ ցանկացած հանքարդյունաբերական նախագծի հետ կապված միշտ կա հակադրություն, ինչը շատ նորմալ է. «Բնապահպանական թևը այս հարցերում միշտ ավելի պահանջատեր է ու ավելի հետևողական, որպեսզի նորմերը չխախտվեն ու բնությանը, շրջակա միջավայրին վնաս չհասցվի, կամ՝ գոնե այդ վնասը լինի թույլատրելիի միջակայքում»։
Թունյանն ընդգծեց, որ պետության ֆունկցիան բալանսավորված որոշում կայացնելն է, որովհետև եթե միայն բնապահպանության տեսանկյունից առաջնորդվենք, ոչ մի տնտեսական օբյեկտ՝ հանք, գործարան կամ մեկ այլ բան, չպիտի կառուցվի կամ գործարկվի։ «Որոշումն ավելի շատ մասնագետներինն է, տվյալ ոլորտը համակարգող գերատեսչություններինը։ ՀՀ-ում բոլորն ունեն օրենքի սահմաններում ազատ տնտեսվարելու իրավունք։ Եթե կոնկրետ նախագծի հետ կապված իրավական, բնապահպանական խնդիրներ չկան, ապա ոչ մի բան չի կարող խոչնդոտել»։
Չցանկանալով մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Ամուլսար՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն ասաց, որ ԱՄՆ-ն դեռ նախորդ դեսպանների ժամանակ էլ միշտ հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, քանի որ այդ պրոյեկտում ամերիկյան կապիտալ է մասնակցում։ Թունյանը հիշեց, որ դեռ 2020թ.-ից ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում էր բոլոր զարգացումներին ու հույս էր հայտնում, որ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները հնարավորինս շուտ կվերանան։ «Այցելությունը՝ լինի Հայաստանի պետական պաշտոնյայի, թե միջազգային դիվանագետի կողմից, կապ չունի, իրենք եթե տնտեսապես գտնում են, որ հանքը պետք է շահագործվի, իրենց ցանկությունն իրենց հաշվարկների վրա է ձևավորվում»։
Ոսկեհատ Պողոսյան