Քաղաքական

«Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը». Արմեն Գևորգյան

«Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը». Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Եվրոպական մայրցամաքում վերջին զարգացումները բոլորիս պետք է ստիպեն մտածել, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է մնալ այն հիմնական կառույցը, որը կկարողանա պաշտպանել ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, ինչպես նաև՝ Եվրոպայի ժողովուրդների համար լինել երկխոսության և զարգացման հարթակ:

Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը՝ հաշվի առնելով 21-րդ դարի պահանջները և նոր իրողություններն աշխարհում:

Կարծում եմ՝ այս զեկույցը և կից բանաձևի նախագիծը փորձում են բաժանում սերմանել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև՝ ամբողջովին քաղաքական և, ըստ էության, աշխարհաքաղաքական առումներով:

Եթե մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը, մեջբերում եմ՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության չափանիշ է», ապա մենք պետք է ավելի հստակ վերաբերմունք ցուցաբերենք յուրաքանչյուր անդամի ներքին քաղաքականության և այն առումով, թե արդյո՞ք դրանք իսկական ժողովրդավարական պետություններ են: Միայն միջազգային այլ կազմակերպություններին, օրինակ՝ Եվրամիությանը միանալու իրենց քաղաքական և աշխարհաքաղաքական նկրտումներով պետություններին գնահատելն ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ երկրներում մարդու իրավունքները պատշաճ պաշտպանվում են, իսկ ժողովրդավարությունն էլ ապրելակերպ է:

Այլ կերպ ասած՝ աշխարհաքաղաքական ընտրությունները, հատկապես ներկայիս լարված միջազգային իրավիճակում, չպետք է համարվեն որոշ պետությունների՝ ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու չափորոշիչ:

Ավելին, ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, կարծում եմ, որ պետք է միասին մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար: Եվրոպայի խորհուրդը պետք է մշակի նման գործիքակազմ: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել «ժողովրդավարության նշաձող» լինելու ձգտմանը:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ասել, որ ես չեմ ընդունում անդամ պետությունների միջև աշխարհաքաղաքական հիմքի վրա արհեստականորեն բաժանումներ սերմանելու գաղափարը և, իհարկե, կարծում եմ, որ ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության հարցերում յուրաքանչյուր անդամի ըստ արժանվույն վերաբերվելը մեր ձգտումներն առաջնորդող ուղենիշը պետք է լինի», - նշել է Արմեն Գևորգյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական