ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2016թ.-ին։
Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի՝ «Գլխավոր դատախազն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։
Այսինքն, օրենքը հնարավորություն տալիս է Արթուր Դավթյանին՝ նորից առաջադրվել այդ պաշտոնում։ Radar Armenia-ն կապ հաստատեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդյոք պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրել Արթուր Դավթյանին։
Մեզ հետ զրույցում Խաչատրյանը վաղ համարեց նման խոսակցություններին անդրադառնալը. «Կարծեմ, նման քննարկում տեղի չի ունեցել»։
Խոսելով Դավթյանի գործունեության արդյունավետությունից՝ Խաչատրյանը ասաց, որ այդ հարցը ՀՀ ԱԺ նստաշրջանում օրակարագ է մտնելու. «Շուտով իր հաղորդումն ենք լսելու Ազգային ժողովում, որտեղ տարբեր կարծիքներ կհայտարարվեն։ Այս նստաշրջանում հարցը մտնելու է օրակարգ, հանձնաժողովում քննարկվել է»։