«Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ աշխատավայրում, թե՛ ինչ-որ խմբերի կողմից։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասել է նա և հավելել, որ առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։