Իշխող ՔՊ անդամ պատգամավորներից մի քանիսը, անդրադառնալով ընդդիմության բողոքի գործողություններին, հայտարարել էին, թե նրանք ուզում են նոր պատերազմ, նոր զոհեր։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է այդ պնդումներին՝ հակադարձելով, թե ընդդիմության պայքարի հետևանքով նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե գործող իշխանությունները մնան։
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ պատերազմ չսկսվի. «Իսկ ընդդիմությունը, մտածելով իր իշխանության գալու մասին, իր սադրիչ գործողություններով, հայտարարություններով փորձում է ամեն ինչ անել, որ մեր իշխանության օրոք ևս մեկ պատերազմ լինի։ Բնականաբար, իրենք չեն ցանկանում լինել իշխանություն, ու այդ ժամանակ լինի պատերազմ, ցանկանում են այնպես անել, որ ևս մեկ պատերազմ լինի, ՀՀ-ն էլի ձախողի, որ իրենք այդ ֆոնին գան իշխանության»։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իր պայքարը ոչ թե իշխանության գալու, այլ Արցախի փրկության համար է, Հակոբյանն արձագանքեց, թե ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանական մանդատ ունեն ու հանուն Արցախի կարող են գնալ ԱԺ, բարձրաձայնել այդ հարցերը. «Կարող էին նաև միջագային տարբեր կառույցներում Արցախի խնդիրը բարձրաձայնել։ Ունեին այդ մանդատը, բայց չցանկացան օգտագործել, որովհետև այն օգտագործելու դեպքում պետք է ծառայեր ՀՀ-ին, ժողովրդին, բայց մենք խիստ կասկածում ենք, որ իրենք սպասարկում են ՀՀ շահերը»։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմությունն իր պայքարն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի գործողությունների նմանությամբ, օրինակ, երթ է սկսել Իջևանից, Հակոբյանն ասաց՝ պետք է տարբերակել տարբեր տեխնոլոգիաները ժողովրդի ցանկությունից. «Իրենք 2018-ի հեղափոխությունը համարում էին տեխնոլոգիաներով արած, սակայն ես կարող եմ վստահեցնել, որ այդ տեխնոլոգիաներն ընդամենը միջոցներ են։ Ժողովրդի մոտ կար ընդվզում ու իշխանափոխության պահանջ, որի արդյունքում էլ կայացավ հեղափոխությունը։ Հիմա իրենք էլ կարող են այդ տեխնոլոգիաները կիրառել, բայց եթե չկա ժողովրդական պահանջ, կամք, ինչքան ուզում են՝ այդ տեխնոլոգիաները, «դըմփ-դըմփ-հու»-երը օգտագործեն»։
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե իրենց իրազեկման ակցիաներն արդյունավետ են եղել, ու հասարակությունը պատրաստ է պայքարի, իշխանական պատգամավորն ասաց. «ՀՀ-ում ընդդիմադիր երկու խմբակցությունների օգտին քվեարկել է մոտ 200 հազար մարդ, նրանց մեջ կան մարդիկ, որոնք իրենց համոզմունքով են քվեարկել և այսօր կարող են դուրս գալ փողոց։ Դա չի նշանակում՝ համահայկական ընդվզում կամ շարժում։ Բնական է, որ մի ուժ, որն ընտրություններին ստացել է 200 հազար ձայն, կունենա 10 հազար մարդ, որոնք դուրս կգան փողոց»։
Հարցին՝ եթե ընդդիմության հաջողելու հավանականություն լինի, իշխանությունը որևէ քայլի կդիմի՞, օրինակ, ուժի կիրառման, Հակոբյանն արձագանքեց, որ իշխանությունն արդեն մի անգամ կարող էր ուժ կիրառել, երբ նախորդ տարի ընդդիմությունը փակել էր Բաղրամյան պողոտան։ «Բայց իշխանությունը որոշեց ժողովրդի ձայնը լսել և անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ իրենք այդպես էլ չեն համակերպվում այդ մտքի հետ, որ «քոքը մաշեցնելու» փոխարեն իրենք մաշվեցին, և հիմա ինչ-որ գործողություններ են իրականացնում»։
Մարիամ Սարգսյան