Քաղաքական

«Բողոքի ակցաներ չեն արվում, բողոքի ակցիաների ռուսական հրաման է կատարվում». Հայրապետյան

«Բողոքի ակցաներ չեն արվում, բողոքի ակցիաների ռուսական հրաման է կատարվում». Հայրապետյան

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված լարվածությանը։

- Ընդդիմությունն այս շաբաթվանից սկսել է ակտիվ գործողությունների շարք. մարզերից երթով գալիս են Երևան։ Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

-  Իջևանից երթը շատ նման է Բաքվում ստեղծված Հայաստանի հեղկոմի 6 անդամների՝ դժոխածին Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի, Ալեքսանդր Բեկզադյանի, Իսահակ Դովլաթյանի (ի դեպ, այս հինգն արցախցի էին) և Ավիս Նուրիջանյանի (սյունեցի)՝ 1920 թ. նոյեմբերի 29-ին նույն Իջևանից երթին՝ դեպի Երևան: Դեկտեմբերի 2-ին, ռուսական օրհնությամբ, այդ 6-ը «ազատարար Կարմիր բանակի» հետ Իջևանից մտան Երևան և վերացրին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ «պայմանագիր կնքելով»: Նույն օրը Ալեքսանդրապոլում կնքվեց մեկ այլ պայմանագիր՝ թուրքերի հետ: Ռուս-թուրքական պլանն այն ժամանակ աշխատեց – Հայաստանը կորցրեց իր պետականությունը: Վերաբերմունքս խիստ բացասական է. «Հարցերն այդպես չեն լուծվում»՝ կասեր լուսահոգի Կարեն Դեմիրճյանը:

- Նրանք, կարծես, կրկնում են նույն քայլերը, ինչ Նիկոլ Փաշինյանն էր անում 2018 թվականին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, և արդյո՞ք նրանք հաջողության կկարողանան հասնել։

- Չեմ կարծում, թե նրանք Նիկոլ Փաշինյանի սցենարով են շարժվում: Նիկոլն, իր հերթին, շարժվել էր 100 տարի առաջ փորձարկված ռուսական սցենարով: Հետաքրքիր է, երբ 2018թ. ապրիլին հեռախոսով խոսեցի բանտում գտնվող Շանթ Հարությունյանի հետ, նրա հարցին, թե դրսում ինչ է կատարվում, բառացի պատասխանեցի. «Ռուսական բանակը կրկին մտավ Երևան, ու՝ դարձյալ Իջևանից»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի՝ իջևանցի լինելը: Կարծեմ՝ մենք համակարծիք էինք: Ոչինչ չի փոխվել վերաբերմունքիս մեջ:

- Մի քանի հոգանոց խմբերով քաղաքը պարբերաբար պարալիզացնում են։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, խելամի՞տ քայլ է, թե՞ ոչ:

- Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» ժամանակ էլ էին մի քանի հոգով պարալիզացնում քաղաքը: 2018-ին, Պոլիտեխնիկից Տերյան փողոցով իջնելիս, ինքս եմ ականատես եղել, թե ինչպես 4-5 դպրոցահասակ պատանիներ մի քանի աղբամանով փակել էին Տերյան-Իսահակյան խաչմերուկն ու հպարտորեն կանգնել աղբամանների կողքին, մինչդեռ խաչմերուկի չորս մայթերին մեկ տասնյակից ավելի ոստիկաններ հանգիստ նայում էին երեխաներին՝ ոչինչ չձեռնարկելով: Վստահ եմ՝ հրամանն էր այդպիսին, այլապես ոստիկաններն, այդ երեխաների անվտանգության մասին հոգ տանելով, թույլ չէին տա: Այնպես որ, ո՛չ այն ժամանակ եմ կարծել, թե ինքնաբուխ բան է տեղի ունենում, ո՛չ էլ հիմա եմ կարծում: Կրեմլն այստեղ անում է այն, ինչ ուզում է: Եթե առաջին անգամը զավեշտալի էր ու, ինչ-որ տեղ, հաճելի, քանի որ ժողովուրդն իրեն տեր զգալու ոգեղենության էր բարձրանում, այս անգամ՝ սրանից ավելի շատ ողբերգության հոտ է փչում:

- Արդյո՞ք հարկավոր է այս փուլում, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը միանշանակ չէ, բողոքի ակցիաներ անցկացնել։

- Բողոքի ակցաներ չեն կատարվում, բողոքի ակցիաների ռուսական հրաման է կատարվում: Կարծում եմ՝ այդ ակցիաների հեղինակները, որպես հայ մարդիկ, չէին ուզենա անել այն, ինչ անում են, սակայն «հրամանը հրաման է», պարտավոր են Հայաստանը քաոսի մեջ նետել:

- Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսված որոշակի լարվածության մասով իշխանության արձագանքը պատշաճ կամ ադեկվա՞տ է, թե՞ ոչ:

- Իշխանությունը արձագանքում է և կարձագանքի ճիշտ այնպես և այնքանով, որքանով կհրահանգեն Մոսկվայից: Նա լիազորազրկված է ինքնուրույնությունից: Ես դա տեսել եմ նաև 2008թ. փետրվարի վերջին՝ պարոն Քոչարյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո: Ափսոս Հայաստանը, ափսոս մեր աչքի լույս պետականությունը:

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական