Քաղաքական

Ծխելը սահմանափակող օրենքում փոփոխություններ նախատեսված չեն. ԱՆ

Ծխելը սահմանափակող օրենքում փոփոխություններ նախատեսված չեն. ԱՆ

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ չեն նախատեսվում. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օրենքում փոփոխությունների մասին խոսք անգամ չի կարող լինել. «Նախարարությունը գտնում է, օրենքում էլ հիմնավորված է, որ սա ծխելու դեմ պայքարի լավագույն տարբերակն է»։

Խաչատրյանը նշեց, որ ծխելը մի շարք քրոնիկ հիվանդությունների պատճառ է դառնում և՛ ծխող մարդու դեպքում, և՛ երկրորդային ծխի. «Այս ամենով պայմանավորված՝ նախարարությունը մնում է իր կարծիքին։ Մեր հիմնավորումներում ոչինչ փոխվել, և ոչ մի փոփոխություն չենք նախատեսում, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել»։

Հարցին՝ արդյո՞ք արգելքը բացասաբար չի ազդում հանրային սննդի կետերի աշխատանքի և զբոսաշրջության վրա, նա պատասխանեց՝ ոչ. «Անձնական փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ հետաքրքրվել եմ՝ արդյո՞ք այցելուների պակաս է գրանցվել օրենքի ընդունումից հետո։ Որտեղ եղել եմ, պատասխանել են՝ ոչ, ավելացնելով, որ այժմ ընտանիքներով են սկսել հաճախել»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական