Քաղաքական

«ՌԴ հետ առևտրում ռուբլու կիրառման ակտիվացումը ՀՀ տնտեսության վրա դրական կազդի». տնտեսագետ

«ՌԴ հետ առևտրում ռուբլու կիրառման ակտիվացումը ՀՀ տնտեսության վրա դրական կազդի». տնտեսագետ

ՌԴ-ն, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, Հայաստանի հետ առևտրում ավելի ակտիվորեն կանցնի ռուբլով հաշվարկների։ Ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումների ժամանակ կողմերը պայմանավորվել էին՝ ընդլայնել փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը Radar Armenia-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՌԴ-ն ոչ միայն ՀՀ-ի, այլև ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ առևտրի ժամանակ պետք է ավելի ինտենսիվ անցնի ազգային արժույթի կիրառմանը։ «Սա ենթադրում է ապադոլարացում։ Օրինակ, ՀՀ-ն նախկինում գազի դիմաց վճարում էր դոլարով, ինչը մի քիչ աբսուրդային է, քանզի արտադրող երկիրը ՌԴ-ն էր, գնորդը՝ ԵԱՏՄ անդամ երկիր, սակայն գնանշումը կատարվում էր դոլարով»։

Սարգսյանի խոսքով՝ ազգային արժույթների կիրառումն աստիճանաբար է կատարվելու, քանի որ միանգամից գնագոյացման մեխանիզմներ մշակելը դժվարություններ կարող է առաջացնել, և, հնարավոր է, գնային անհամամասնություններ լինեն։ «Հիմա արդեն ԵԱՏՄ շրջանակում ստեղծվում են աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն գնագոյացման մեխանիզմների կանոնակարգումը։ Մինչ այդ, քանի որ ԵԱՏՄ պետություններից ՌԴ տնտեսությունն ամենամեծն ու ազդեցիկն է, կկիրառվի ռուսական ռուբլին։ ՌԴ հայտարարությունը, որ անցնելու են ռուսական ռուբլով առևտրին, այն մասին է, որ այն ապրանքները, որոնք նախկինում ՌԴ-ից են մատակարարվել ՀՀ, և որոնց դիմաց մենք վճարել ենք դոլարով, հիմա արդեն կվճարենք ռուբլով»։

Ըստ տնտեսագետի՝ սա ՀՀ տնտեսության վրա ավելի դրական ազդեցություն կունենա, քանի որ նաև մեր տնտեսություն մուտք եղած ռուսական ռուբլին կօգտագործվի նման առևտրի դեպքում, իսկ ԱՄՆ դոլարը կպահպանվի արտարժութային ռեզերվներում։ Սարգսյանի խոսքով՝ այս պայմաններում նման գործընթացը նորմալ է։ 

Տնտեսագետն ընդգծեց, որ ցանկացած տնտեսական ինտեգրացիա իր հիմքում ունենում է որոշակի քաղաքական գործընթացներ։ «Բայց պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ երկիր է, և, անկախ նրանից, որ այս գործընթացը դիտարկում ենք ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների շրջանակում, որոշումը կայացվել է ԵԱՏՄ շրջանակում, հետևաբար, Արևմուտքին հակաքայլ չէ, որովհետև ԵԱՏՄ շրջանակում արդեն իսկ նախատեսված էր մինչև 2025 թվականը առևտրային հարաբերություններում անցում կատարել ազգային արժույթների կիրառմանը։ ՀՀ-ն, կամա, թե ակամա, ենթարկվելու է իրականացվող քաղաքականությանը՝ ԵԱՏՄ անդամ լինելով»։

Նրա խոսքով՝ այժմ պարզապես այս գործընթացն արագացվել է, որովհետև ռուսական տնտեսությունում իրականացվում են ապադոլարացման մեծ աշխատանքներ, որովհետև դոլարի պահանջարկ ՌԴ տնտեսությունում չկա։ «Քանի որ նաև Արևմուտքից ներկրումն է դադարել, դոլարի պահանջարկ նույնիսկ ներկրող կազմակերպությունները չեն ներկայացնում, որովհետև ապրանք չեն ներկրելու այդ երկրներից»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական