Քաղաքական

Քոչարյանի աջակիցը հարվածել է բլոգերին

Քոչարյանի աջակիցը հարվածել է բլոգերին

Երեկ հարձակման է ենթարկվել բլոգեր Ռոման Բաղդասարյանը։ Radar Armenia-ի հետ զրույցում բլոգերը մանրամասնեց, որ իրեն հարվածել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից «Սիսական» ջոկատի ազատամարտիկ Գրիգոր Հարությունյանը. «Այո՛, նա ինձ սպառնացել է սպանել իմ քաղաքական հայացքների համար, ասում էր՝ ինչո՞ւ ես քննադատում ղարաբաղյան պլանը, ղարաբաղյան գեներալներին, պատերազմի պատմությունները»։

Բլոգերի խոսքով. «Ես ընկերուհուս հետ անցնում էի, նա եկավ ինձ մոտ, ասաց՝ «Սա այն Ռոմանն է, հիշու՞մ ես՝ քեզ ասացի, որ քեզ գտնելու եմ և սպանելու եմ, այդ պահը եկավ»։

Բաղդասարյանը պատմեց, որ ինքը փորձել է կանխել միջադեպը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը հաշիվներ մաքրելու օր չէ. «Ես ասացի, որ միշտ էլ գրել եմ ու գրելու եմ այն, ինչ ուզում եմ, ոչ մեկը չի կարող ինձ ճնշել այդ հարցով։ Եվ այդ ժամանակ էլ խփեց ինձ»։

Բաղդասարյանը նշեց, որ դիմել է ՀՀ Ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել. «Չեմ վախենում։ Ով պետք է՝ զբաղվում է այդ հարցով։ Ինչքան ճնշեն, տասը անգամ ավելի շատ եմ գրելու։ Նա ինձ սպառնում է արդեն ահագին ժամանակ, և մտածում է, որ ես վախենում եմ, բայց եթե վախեցող լինեի, չորս տարի առաջ չէի պաշտպանի Փաշինյանին»։

Նշենք, որ բլոգերի վրա հարձակումն արդարացրել են ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և հեռուստահաղորդավար, դերասան Հրանտ Թոխատյանը, որոնք ի պաշտպանություն բերման ենթարկված Գրիգոր Հարությունյանի, գնացել են ոստիկանության բաժանմունքի մոտ

Դերասան Հրանտ Թոխատյանը Radar Armenia-ի հետ զրույցում իր քայլը մեկնաբանեց. «Չեմ կարծում, որ Ռոման Բաղդասարյանի դեմ բռնություն անողը բռնություն անող է։ Ռոման Բաղդասարյանը թող իր բռնությունների մասին մի քիչ մտածի»։

Մեկնաբանելով իր աջակցությունը Հարությունյանին՝ նշեց, որ այդ քայլին գնացել է, քանի որ տղան պատերազմի մասնակից է, նրան երկար ժամանակ ճանաչում է. «Ոչ կարճ ժամանակ իրեն իմանալով՝ չեմ կարծում, որ հենց այնպես նա մարդու վրա ձեռք կբարձրացներ, ուրեմն՝ մի բան արել է, ինչ-որ բանով իր հանդեպ պրովակացիա է արել։ Մարդ, որ կռվում է թշնամու դեմ, չի կարող իր քաղաքում հենց այնպես մարդ ծեծի»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական