Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործը։ Այն մակագրվել է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Վերջինս այն դատավորն է, որ քննել է վերջին քսան տարում ամենաաղմկահարույց քրեական գործերը, եւ, ճակատագրի հեգնանքով, դակել այն ժամանակվա դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած դատախազության մեղադրական եզրակացությունները։
2001թ. Մնացական Մարտիրոսյանը քննել Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը, երբ վերջինս մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ: Աղամալ Հարությունյանը դատապարտվեց ընդամենը պայմանական ազատազրկման։ Ի դեպ, այս քրեական գործը վերաբացվեց 2018-ի իշխանափոխությունից հետո՝ նոր ի հայտ եկած հանգամանքների՝ ականատեսներից Սթիվեն Նյուտոնի հայտարարությունների հիման վրա, բայց այժմ շարունակում է դոփել տեղում։
2006թ. Մնացական Մարտիրոսյանն է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով դատավորը. ազատամարտիկները մեղադրվում էին իշխանափոխության կոչերի համար, եւ ինչպես սպասելի էր՝ Մարտիրոսյանը նրանց դատապարտեց ազատազրկման։
Մնացական Մարտիրոսյանը եղել է մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտնի «Յոթի գործով» դատավորը. այս գործով մեղադրանքներ էին առաջադրվել Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին։
Տարիներ անց արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց «Յոթի գործը»՝ արձանագրելով, որ խախտվել էին ընդդիմադիրների մի շարք հիմնարար իրավունքներ:
Մնացական Մարտիրոսյանը եղել է նաեւ մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտած դատավորը։ Հիշեցնենք՝ Փաշինյանի գործով դատավճիռը եւս ՄԻԵԴ-ը տարիներ անց բեկանեց, դրա հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ օրերս արդարացրեց նրան:
Մնացական Մարտիրոսյանը եղել է նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ «տուշոնկաների» գործով դատավորը, սակայն բանը դատավճիռ արձակելուն չհասավ. Մանվել Գրիգորյանը դատաքննության փուլում մահացավ:
Նոյեմբերի 5-ի գործով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դավատորը նույնպես եղել է Մնացական Մարտիրոսյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակել գործարար Սամվել Մայրապետյանին:
«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի (լուսանկարում) և մյուսների գործը նույնպես քննել է Մնացական Մարտիրոսյանը։
Մնացական Մարտիրոսյանը մի շարք աղմկահարույց քրեական գործերով բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: Նրա որոշմամբ կալանավորվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», նաեւ նույն ինքը՝ Աղվան Հովսեփյանը: