Քաղաքական

«Ընդդիմության գործողությունները բացասական են ազդում բնակչության եկամուտների վրա». Պապոյան

«Ընդդիմության գործողությունները բացասական են ազդում բնակչության եկամուտների վրա». Պապոյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-ից մեկնարկում են իրենց բողոքի գործողությունները. նրանք Իջևանից երթով շարժվում են Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց իրենք տարբեր ուղղություններով Երևան ժամանածներին կդիմավորեն մայրաքաղաքում։

Հիշեցնենք՝ 2018թ.-ին էլ Նիկոլ Փաշինյանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրիից։ Եվ արդեն, հասնելով Երևան, հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները, որոնք էլ ավարտվեցին իշխանափոխությամբ։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդեց՝ խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվի հասնել հեղափոխության։

Պապոյանի համոզմամբ՝ ինչպես ընդդիմության մնացած քայլերը, այնպես էլ՝ այս գործողությունները, ի վնաս Հայաստանի են. «Ընդդիմության գործողությունները բացասական են ազդում ՀՀ բնակիչների, պետական եկամուտների, ՀՆԱ-ի վրա»։

Պատգամավորը մանրամասնեց, թե ինչ բացասական ազդեցություն են թողնում ընդդիմադիրների գործողությունները. «Ռուսաստանում մայիսյան տոներն են սկսվում, տասնյակ հազարներով մարդիկ պետք է գան Հայաստան, զբոսաշրջությունը զարգանա, առևտուրը, հյուրանոցային տնտեսությունը, հազարավոր մարդիկ Հայաստանում փող կաշխատեն, ընդդիմության գործողությունների հետևանքով, հնարավոր է, չգան»։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, Պապոյանը ասաց՝ իշխանությունը անվտանգության հարցերով է զբաղված, որոնք չի կարող թողնել՝ ընդդիմությամբ զբաղվելու համար։

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա՝ ընդդիմության բոլոր գործողություններն ի վնաս Հայաստանի են. «Այն օրակարգը, որն իրենք են առաջարկում, հանգեցնելու է պատերազմի։ Ժողովուրդը ինքը պետք է ընտրի՝ ուզում է պատերազմի՞ օրակարգ, թե՞ խաղաղության։ Կարծում եմ՝ ընտրելու է խաղաղության օրակարգը»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական