Երեկ Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Ֆրանսիայի գործող նախագահ Էանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 58,2%-ը, իսկ նրա մրցակից «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լը Պենը՝ 41,8%։
Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ հիմնական մրցակցությունը խնդրի շուրջ էր, թե արդյո՞ք Ֆրանսիան պետք է շարունակի մնալ Եվրամիությունում կարևոր երկիր և միավորելու ուղղությամբ աշխատող, թե՞ երկրում ավելի ազգակենտրոն քաղաքականություն պետք է իրականացվի, ու նաև փոխվի վերջինիս քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ։
Radar Armenia-ի հետ զրույցում Նավասարդյանն ընդգծեց՝ Մակրոնն այն գործիչներից է, որը, թեև որոշ չափավորությամբ, բայց կողմնակից էր ՌԴ-ի դեմ հետևողական պատժամիջոցների կիրառմանը։ «Փաստորեն, այս ընտրությունները ցույց տվեցին, որ հենց այդ հիմնական գաղափարների շուրջ էր մրցակցությունը։ Նախորդ ընտրությունների համեմատ՝ այս անգամ ուշադրությունն ավելի քիչ էր ներքին խնդիրների նկատմամբ։ Դա հասկանալի է, որովհետև այսօր տեղի է ունենում պատերազմ, որն իր ծավալներով աննախադեպ է վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և այդ պատերազմի ազդեցությունը բոլոր եվրոպական երկրների վրա բավականին մեծ է։ Ֆրանսիացիների մեծամասնության ընտրությունը հօգուտ միավորված Եվրոպայի էր, և կա հիմնականում աջակցություն այն քաղաքականությանը, որն իրականացնում են Ֆրանսիան ու Եվրոպական Միությունը Ուկրաինայի պատերազմի նկատմամբ»։
Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Մակրոնի քաղաքականության փոփոխություն չի լինի։ «Կարծում եմ՝ ավելի հստակեցված կերպով պետք է Մակրոնն իր մոտեցումներն իրականացնի։ Ամեն դեպքում, ընտրություններից առաջ բոլոր թեկնածուներն աշխատում են շատ կտրուկ քայլերի չգնալ, որպեսզի իրենցից չվանեն ընտրողների տարբեր զանգվածների, բայց Մակրոնն այլևս չի մասնակցելու ընտրություններին ու կարող է հետևողականորեն և սկզբունքորեն իրականացնել այն քաղաքականությունը, որի հիմնական սկզբունքները տեսանելի էին նաև վերջին ժամանակներում»։
Հասարակական գործչի դիտարկմամբ՝ դա կվերաբերի նաև ՀՀ-ին Ֆրանսիայի կողմից աջակցություն ցուցաբերելու հարցին. «Հաշվի առնելով, որ տվյալ աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ-ի խնդիրները բավականին բարդացել են, առաջին հերթին, բնականաբար, վերաբերում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններին և այդ երկու երկրների հետ ՀՀ-ի հարաբերություններին։ Ուկրաինայի պատերազմը, ցավոք, աշխարհը դարձրեց սև-սպիտակ։ Այսինքն, ով է աջակցում Ուկրաինային, և ով է աջակցում ՌԴ-ին։ Հիմնականում, միջազգային հանրության պատկերացումներն այնպիսին են, որ ՀՀ-ն ՌԴ-ի ճամբարում է։ Անկախ նրանից՝ խնդիրն օբյեկտիվորեն ինչպիսին է, ՀՀ-ի նկատմամբ համակրանք ցույց տալու համար բարենպաստ միջավայր չէ»։
Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ի համար կարևոր է ունենալ գործընկերներ, որոնք ազդեցություն ունեն միջազգային գործընթացների վրա, և, առաջին հերթին, Եվրամիության կողմից միջնորդական առաքելության իրականացման վրա։
«2021-ի դեկտեմբերին արդեն տեսել ենք, որ Ֆրանսիան եվրոպական բոլոր երկրներից ամենամեծ ուշադրությունն է դարձնում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը, փորձում է հնարավորինս աջակցել, ինչպես նաև՝ որոշակի ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,- ասաց նա՝ նշելով, թե դա կշարունակվի, ինչը ՀՀ-ի համար շատ կարևոր է։ «Ի դեմս Ֆրանսիայի հասարակության և քաղաքական վերնախավի՝ մենք ունենք այնպիսի դերակատարներ, որոնք ընկալում են մեր խնդիրները, և պատրաստ են աջակցել, որ դրանք դուրս չմնան բանակցային օրակարգից, որ չստացվի այնպես, որ միայն Ադրբեջանի մոտեցումներն ու առաջարկած սկզբունքները դրվեն օրակարգի հիմքում։ ՀՀ-ն նույնպես ունի խնդիրներ, որոնք ներառված չեն ադրբեջանական առաջարկությունների մեջ, և խոսքն, առաջին հերթին, Արցախի ապագային, կարգավիճակին է վերաբերում, ինչն Ադրբեջանն ընդհանրապես մերժում է որպես օրակարգային հարց՝ համարելով, որ դա իր ներքին քաղաքական խնդիրն է, և որևէ մեկը չպետք է միջամտի։ Մենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ այդ խնդիրը պետք է դնենք օրակարգում և քննարկման առարկա դարձնենք»։
Մարիամ Սարգսյան