Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ բրյուսելյան պայմանավորվածությունների իր մասը կատարել է։ Հիշեցնենք, որ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը հաջորդել էր նաև ՀՀ-ի ու ՌԴ-ի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում ևս անդրադարձ էր եղել ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովին։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում ընդգծեց, որ գործընթացում պետք է տարանջատել մի քանի բան՝ սահմանազատում և սահմանագծում, խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկ և բուն համաձայնագրի ստորագրում։
«Հասկանալի է, որ բոլոր արտաքին խաղացողները ցանկանում են, որ սկսվի սահմանագծման և սահմանազատման գործընթացը, ձևավորվի հանձնաժողովը, որի մասին դեռ 2021-ի նոյեմբերին են պայմանավորվել Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ։ Սա ևս մեկ անգամ ամրագրվեց 2022-ի ապրիլի 6-ին, և նշվեց, որ մինչև ապրիլի վերջ հանձնաժողով պետք է ստեղծվի։ Հիմա արդեն վերջին քայլերն են կատարվում այդ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ այդ հանձնաժողովը պաշտոնապես կձևավորվի, կհայտարարվի կազմի մասին, կսկսվի աշխատանք, որի տևողությունը դժվար է կանխատեսել, որովհետև վիճելի հարցեր կան։ Առաջին վիճելի հարցն էլ վերաբերում է քարտեզներին. պետք է որոշվի՝ ո՞ր քարտեզների հիման վրա է սկսվելու գործընթացը, այժմ տարբեր տեսակետներ կան՝ 1920-ականներից մինչև 1970-ականների քարտեզներ»։
Ըստ Պողոսյանի՝ բոլոր արտաքին խաղացողների մոտ համաձայնություն կա նաև այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն և ընթանան դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքներին զուգահեռ, բայց ոչ՝ ուղղակիորեն մեկը մյուսով փոխպայմանավորված լինեն։
«Թե՛ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով գործունության մեկնարկը, թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը կնպաստեն լարվածության հարաբերական նվազմանը, կզրկեն Ադրբեջանին «բարոյական իրավունքից»՝ անընդհատ էսկալացիայի գնալ և Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշում իրականացնել, որովհետև մի փոքր դժվար կլինի հիմնավորել՝ ինչու ես դիմում էսկալացիաների, եթե խաղաղության բանակցություններն ու դեմարկացիայի հանձնաժողովի աշխատանքներն սկսված են»։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Պողոսյանը նշեց, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ արևմտյան գործընկերները՝ Եվրամիություն, ԱՄՆ, տրամադրված են, որ բանակցությունները հնարավորինս արագ ավարտվեն, և պայմանագիրը հնարավորինս արագ՝ ամիսների ընթացքում, ստորագրվի։
«Մեր արևմտյան գործընկերներն ասում են, որ դրա համար կա ընդամենը մեկ ճանապարհ՝ ՀՀ-ն պետք է համաձայնվի, որ Արցախն Ադրբեջանի կազմում ինքնավարություն է ունենալու, իսկ դետալները՝ կլինի մշակութային, թե այլ ինքնավարություն, քննարկման ենթակա է։ Համաձայնագիրը հնարավորինս արագ ստորագրելու հարցում շահագրգռված են Ադրբեջանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, իսկ դա անելու համար պետք է Հայաստանին համոզել կամ հարկադրել համաձայնվել, որ Արցախի ապագան ինչ-որ ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում. դա ստորագրել, իսկ ինքնավարության դետալներին՝ անդրադառնալ հետագայում»:
Փորձագետի կարծիքով՝ մի բան հստակ է՝ եթե ՀՀ-ն համաձայնի, որ Արցախն ունենալու է Ադրբեջանի կազմում ինքնավարություն, շատ արագ ճանապարհ կբացվի Արցախի հայաթափման համար․ «Հետևաբար, հարցը հստակ է՝ եթե համարում ենք, որ ՀՀ-ին ձեռնտու է, որ Արցախը հայաթափվի, ուրեմն՝ ՀՀ-ին ձեռնտու է խաղաղության պայմանագրի արագ ստորագրում՝ ըստ Ադրբեջանի պայմանների։ Եթե ՀՀ-ին Արցախի հայաթափումը ձեռնտու չէ, ուրեմն՝ ձեռնտու չէ ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի առաջարկած պայմաններով։ Պետք է ձևավորել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը և սկսել աշխատանքները, պետք է սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, բայց նաև պետք է հստակ դիրքորոշում հայտնել, որ սա շատ բարդ հակամարտություն է, որ ավելի քան մեկ դարի պատմություն ունի, և բոլոր այն հորդորները կամ պնդումները, որ 100 տարուց ավելի տևող հակամարտությունը կարող է վերջնական կարգավորվել (իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նշանակում է հակամարտության վերջնական կարգավորում) ընդամենը մի քանի ամիս տևող բանակցություններում, որևէ տրամաբանության չի ենթարկվում»։
Միաժամանակ, Պողոսյանի խոսքով, ՀՀ-ն պետք է ցույց տա, որ համաձայն է բանակցել, սակայն ի սկզբանե խուսափի որոշակի ժամանակային շրջանակներ դնել ու վերջնաժամկետ սահմանել։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի Արցախի՝ որևէ ինքնավարության, Պողոսյանը պատասխանեց, որ Ադրբեջանն, իրեն կառուցողական պետություն ներկայացնելու համար, կարող է ասել, որ պատրաստ է տալ ինչ-որ մշակութային ինքնավարություն՝ օրինակ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակում, և, օրինակ, պատրաստ է թույլ տալ, որ Ստեփանակերտի դպրոցներում շաբաթական երկու անգամ հայերենի դասեր լինեն կամ Ստեփանակերտի 4 փոխքաղաքապետից մեկը հայ լինի։
«Նման բաների Ադրբեջանը կարող է համաձայնել, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե այդ պայմանները դրվեն արցախահայության առջև, Արցախում հայ չի մնա, իսկ Ադրբեջանը հետո միջազգային հանրությունը կասի՝ ես համաձայնեցի ինքնավարության, բայց այդ մարդիկ չցանկացան ապրել, ուրեմն, սա իրոք իրենց հայրենիքը չէր։ Ցանկացած ինքնավարության դեպքում, նույնիսկ՝ քաղաքական, ինչը բացառված է, եթե ՀՀ-ն համաձայնություն տա, Արցախը կհայաթափվի»։
Մարիամ Սարգսյան