ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ է արվում՝ օրհասական ներկա իրավիճակում բանակի արդիականացման համար։
«Այսպես տրագետիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք, և ամեն ինչ արվում է, մեր բարեփոխումները արդեն մեկնարկել են։ Բնագծերի կահավորումը երկատարտև գործընթաց է, վերջին պատերազմի արդյունքում սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, բնականաբար կան նոր բնագծեր, և դրանց կահավորումը ժամանակ պահանջող գործընթաց է։ Մեկուկես տարվա ընթացքում ահռելի աշխատանք է տարվել զինվորների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ»։
Հարցին` որպես փոխնախարար նորմա՞լ է համարում, երբ բանակի արդիականացման նպատակով Պաշտպանության նախարարությունը գույք է վաճառում, և արդյո՞ք պետության կողմից միջոցներ չեն տրամադրվում, ՊՆ փոխնախարարը պատասխանել է. «Պետության կողմից անընդհատ միջոցներ տրամադրվում են, իսկ եթե գույքը ՀՀ-ի գույքն է, և ՊՆ-ն գտնում է, որ տվյալ պահին այն որևէ մեկին պետք չէ և գործածելու համար անարդյունավետ է, ապա ի՞նչ անի»։