Քաղաքական

2016թ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները ԼՂ կարգավիճակը իջեցնելու մասին փաստաթուղթ էին. Փաշինյան

2016թ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները ԼՂ կարգավիճակը իջեցնելու մասին փաստաթուղթ էին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին հայտարարեց, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է։ Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի ներկայացրած 5 կետն ու դրան ՀՀ-ի արձագանքն է։

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում նման հորդոր չի եղել, Փաշինյանն ասաց. «Պիտի տարակուսանքս հայտնեմ այս փաստի առիթով։ ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած առաջարկները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև վերջինի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով։ Անորոշ ժամանակ ասելով՝ նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել։ 2016-ին նշաձողի այդպիսի իջեցում էր նաև ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Նա հայտարարեց, թե նշաձողն իջեցնելու այդպիսի հորդորներ էին նաև ԵԱՀԿ 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովը, 1999-ի՝ ընդհանուր պետության գաղափարը, 2001-ի քիվեսթյան գործընթացը, 2007-ի մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016-ի հունվարի, հուլիսի, օգոստոսի 3 առաջարկները։ Նշաձողն իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր։ «Այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել»։

Փաշինյանն ընդգծեց, որ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով իրենց մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում. «Ինչպես ասել եմ ապրիլի 14-ին՝ ԱԺ-ում ունեցած ելույթում, պետք է ապրի այնպես, որ իրեն զգա, համարի ղարաբաղցի և հայ։ ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն եթե այս պայմանները չի ապահովելու և չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և չի լինելու երբեք։ Սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառ է։ Այն ուժերը, որոնք ուզում են՝ ՀՀ կառավարությունը ասի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ կսանձազերծվի, և Արցախը կհայաթափվի, ահա նրանք են հանձնել, հանձնում ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն։ Մենք դա թույլ չենք տա անել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական