Քաղաքական

«Ապակենտրոն պայքարը կմտնի իրականացման փուլ». Սոս Հակոբյան

«Ապակենտրոն պայքարը կմտնի իրականացման փուլ». Սոս Հակոբյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից գտնվում է Ազատության հրապարակում։ Պատգամավորը հայտարարել է անժամկետ պայքարի մասին։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն, անդրադառնալով այս օրերի իրենց արդյունքներին ու առաջիկա ծրագրերին, նշեց, թե պայքարի առաջին փուլում իրականացվում է իրազեկման գործառույթ՝ մարդկանց «թմբիրից հանելու» համար։ Ըստ նրա՝ իրենք նաև հաղորդագրություն են փոխանցել, որ գնում են վճռական քայլերի՝ առանց նահանջի. «Այսինքն, մի քանի ժամով չենք իրականացնում հանրահավաք, ակցիա, հետո գնում տուն՝ սպասելով որևէ հաջորդ իրադարձության։ Սկսում ենք գործընթաց, որը պետք է ավարտվի արդյունքով»։

Սոս Հակոբյանի ներկայացմամբ՝ մարդկանց հետ ոչ թե վիրտուալ, այլ կենդանի, իրական շփումը մեծ արդյունավետություն ունի, մարդիկ ունենում են հարցեր, դժգոհություններ, առաջարկներ, ցանկանում են լսել Արթուր Վանեցյանի կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ՝ ավելի սովորական, կենցաղային պայմաններում, ոչ թե պաշտոնական խոսքի միջոցով. «Այս ընթացքում մարդկանց չդադարող հոսքը ցույց է տալիս, որ իրենք հավատում են, որ այս անգամ գործընթացը որևէ փուլում չի կանգնելու։ Այլ ընդդիմադիր ուժեր էլ հայտարարել են ապակենտրոն, ցանցային պայքարի մասին։ Ազատության հրապարակում տարբեր մարդիկ են հավաքված՝ պատերազմի՝ հացադուլ հայտարարած մասնակիցներ, քաղաքական ուժեր։ Անգամ Ազատության հրապարակում ոչ մի բան կենտրոնացած չէ մեկ անձի կամ մեկ ուժի շուրջ։ Նպատակը նաև հենց դա ցույց տալն էր, որ բոլորս ունենք մեկ խնդիր՝ պայքարել հանուն Հայաստանի և Արցախի, խնդիր դրված չէ՝ մեկ անձի շուրջ կենտրոնացնել ամեն ինչ։ Արթուր Վանեցյանը հայտնել է պատրաստակամություն՝ լինել առաջին շարքում՝ պատասխանատվությունը և հարվածը վերցնելու համար»։

Հակոբյանը նշեց, որ մոտենում են հաջորդ փուլին, երբ ապակենտրոն պայքարը կմտնի իրականացման փուլ՝ տարբեր տեղերում, ոչ միայն՝ Ազատության հրապարակում։

Հարցին` կա՞ն ժամկետներ, կուսակցության մամուլի քարտուղարը պատասխանեց՝ «օրերի հարց է». «Հստակ օր չեմ կարող ասել, բայց շատ կարճ ժամանակում կտեսնենք, թե ինչպիսի թափ է առնում և զարգանում այս պայքարը։ Բողոքի ակցիաները լինելու են տարբեր տեղերում ու շատ։ Մարդիկ հստակ հասկանալու են, որ տեղում իրականացվող ամեն գործողություն ծառայում է մեկ նպատակի, ոչ թե իրարից գործընթաց, ժամանակ կամ ուշադրություն խլելու նպատակ ունի»։ 

Դիտարկմանը, թե ընդիմությունը պարբերաբար պնդում է, որ պետք է իշխանությանը շատ արագ հեռացնել, որովհետև վերջինս ցանկանում է շուտափույթ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր կնքել, ինչը, ըստ այդ հայտարարությունների, կհանգեցնի Արցախի կորստին, և հարցին՝ այս առումով ժամկետներ սահմանե՞լ է ընդդիմությունը, որ ուշ չլինի, Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս գործընթացի մեկնարկն էլ կտրուկ և անսպասելի գործողություն էր, մեր տպավորոթյունն այնպիսին է, որ ոչ մեկը չէր սպասում, որ Վանեցյանը Ազատության հրապարակ է գնալու՝ անժամկետ պայքարի որոշմամբ։ Եվ սա պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ ժամանակ չունենք, քանի որ իշխանությունները հստակ հայտարարել են Արցախն Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին։ Ընդդիմությունը, ըստ իս, գործում է ամենաարագ ռեժիմով, այնպես, որ ո՛չ գործընթացի արդյունավետությանը վնասի, ո՛չ՝ հապաղի ու ժամանակ կորցնի»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական