ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե ապրիլի 25-ից ընդդիմությունն ապակենտրոն և ցանցային պայքարի միջոցով կսկսի ակտիվ գործողությունների փուլ, որը կանգ չի առնելու։ Ըստ նրա՝ նստացույցով իրենք հասել են իրենց նպատակին, մարդիկ արթնացել են։ Ըստ նրա՝ հիմա քաղաքացին իր մասնակցությունը պետք է բերի այս պայքարին, որ լինի արդյունք։
Վանեցյանի խոսքով. «Երբ ես եկա Ազատության հրապարակ, անգամ չէի պատկերացնում, որ այս աստիճան կարողանալու ենք ազդել մարդկանց գիտակցության վրա։ Մարդիկ հասկացել են, որ իրենք քնած են, խաբված են, և այդ ամենի պատճառով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առանց դիմադրութան, անպատիժ կարողանում են գնալ ոչ հայանպաստ լուծումների։ Այս իշխանություններն ուզում են արյան գնով պահված հողը մեկ գրչի հարվածով տալ թշնամուն, ես թույլ չեմ տալու։ Մեր ժողովրդի մեջ կա հստակ գիտակցությունը, որ մենք չունենք թշնամուն հանձնելու հայրենիք, մենք թույլ չենք տալու, դա է ամենակարևոր հարցը, որը մենք պետք է լուծենք»։