Քաղաքական

Հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ

Հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, թե դատախազությունը ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ:

Նրա խոսքով. «Կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման և սպանության գործողություններ»։

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական դրսևորումներին. «Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկանները անարգել Թուրքիայի տարածք են տեղափոխվել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով` առանց վերահսկողության և առանց ստուգման, իսկ Թուրքիայից ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան:

Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հենց մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ` հատուկ լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»:

Գլխավոր դատախազի խոսքով`44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական