ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի դեմ զոհված զինծառայողների ծնողների՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը. «Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցվել և ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, որի քննության առարկան է 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու, ամբողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները, պարտականությունը բարեխղճորեն կարատարելու, ինչպես նաև՝ դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը։ Այդ քրեական գործը, ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունը իր պարտականությունները այս կամ այն ուղղությամբ իրավաչա՞փ է իրականացրել․ թե՞՝ ոչ։ Զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի ելույթում հնչած խոսքերին, որոնք մեր կողմից արդեն իսկ ուղղարկվել էին։ Հետևաբար, նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա դրաձնելու համար։ Այդ քրեական գործը անդրադառնում է հենց այդ նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսքը։ Հետևաբար, այդ խոսքը, քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում, պետք է արժանանա համապատասխան քրեական գնահատականի։ Խոսքը ինքնին քրեական նշանակություն չի կարող ունենալ, եթե այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»։
Հարցին՝ հանցակազմ կա՞ր վարչապետի ելույթի մեջ, քանի որ նա ասում էր, որ եթե ավելի շուտ պատերազմը կանգնեցվեր, նույն իրավիճակը կլիներ, բայց՝ ավելի քիչ զոհերով, դատախազը բացասական պատասխան է տվել. «Ոչ։ Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ։ Դրանք քրեական գործով ձեռք բերված այլ ապացուցների հետ պետք է համադրվեն։ Հիմա, իհարկե, համադրվում են։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի իրականացվի լրիվ օբյեկտիվ նախաքննություն»։
Հարցին՝ այդ գործով ՀՀ վարչապետն արդյո՞ք որևէ քրեադատարավարական կարգավիճակ ունի, կանչվե՞լ է հարցաքննության, դատախազը նշեց. «Այդ թեմային վերաբերող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից կամ որևէ մեկից, բոլորը կլինեն այդ քրեական գործում, որովհետև այդ հանգամանքները պետք է համադրվեն, և այդ անձինք պետք է հարցաքննվեն։ ՀՀ վարչապետը այդ տեղեկությունները հայտնելու իրավունք և պարտականություն ունի։ Նախաքննական մարմինը նրա պարզաբանումը՝ բազում հարցերի շուրջ, պետք է ստանա։ Իսկ հարցաքննվել է, թե՝ չէ, թույլ տվեք այս պահին ես չասեմ»։