Քաղաքական

Ապրիլի 25-ից մեկնարկում են անդադար բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլի 25-ից մեկնարկում են անդադար բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ուղերձով դիմել է ժողովրդին՝ ազդարարելով փողոցային վճռական պայքարի մեկնարկի մասին՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի, որի «վերջնարդյունքը ազգադավ իշխանությունների հեռացումն է»։

Նրա խոսքով. «Մեր երկիրը հասել է այնպիսի մի հանգրվանի, որ հաջորդ փուլը այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։

Հիմա արդեն գործի ժամանակն է։ Մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով, դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով»։

Նա ընդգծել է՝ պայքարը հանուն իշխանության չէ և համընդհանուր է. «Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ։ Սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։

Այս պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար, այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ։ Մենք ունենք ներուժ․ դա մեր ժողովուրդն է։ Մենք ունենք կամք և վճռականություն»։

Սաղաթելյանը ներկայացրել է նաև առաջիկա գործողությունները՝ ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը, իսկ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։ Ծրագրի մասին յուրաքանչյուր օր, ամենժամյա ռեժիմով տեղեկություններ են տրվելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական