ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունք է համարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով. «Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին ՀՀ էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»։
Նրա խոսքով՝ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել. «Առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»։