Ապրիլի 19-20-ը պաշտոնական այցով ՌԴ-ում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո ընդունվեց համատեղ հայտարարություն։
Ավել վաղ՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը։ Վերջիններս ստորագրել էին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր։
Radar Armenia-ն ներկայացնում է ՌԴ-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերի նմանություններն ու տարբերությունները՝ ՀՀ-ի ու ԼՂ-ի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող կետերում։
Այսպիսով, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերում անդրադարձ կա 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածություններին։
ՀՀ-ի հետ ստորագրած փաստաթղթում գործածվում է «ԼՂ» եզրույթը։ Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերում ԼՂ-ի մասին հիշատակում չկա։
ՌԴ-Ադրբեջան «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր.
«Ռուսաստանը և Ադրբեջանը կշարունակեն ամեն կերպ նպաստել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի՝ 2020թ․ նոյեմբերի 9/10-ի, 2021թ․ հունվարի 11-ի և 2021թ․ նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացմանն ուղղված ջանքերին. հայտարարություններ, որոնք հիմք դարձան կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»։
ՌԴ-ՀՀ ղեկավարների հայտարարություն.
«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը»:
ՌԴ-Ադրբեջան փաստաթղթում նշված է, որ կողմերը, հաշվի առնելով ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, փոխգործակցում են ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայով հագեցվածության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով․ «Կողմերը կակտիվացնեն ջանքերը զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման, վերանորոգման, արդիականացման, սպասարկման կենտրոններ ստեղծելու, ինչպես նաև՝ տարբեր տեսակի ռազմական արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ»:
ՀՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ էլ հղում է արվում ավելի վաղ ստորագրած փաստաթղթերին. «Կողմերը հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը՝ 1997թ. օգոստոսի 29-ի ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրում և 2000թ. սեպտեմբերի 26-ի «Դեպի 21-րդ դար ուղղված» ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա»։
Մարիամ Սարգսյան