ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկություններով կիսվում է հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ. «Մշտապես պատրաստակամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից՝ թերևս հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում»։
Նրա խոսքով՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իր ամեն օտարերկրյա այցից առաջ լուրեր են տարածվել, թե պատրաստվում են ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին.
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանին կամ շրջանառության մեջ դրված լինի՝ 2020-ի նոյեմեբերի 9-ից հետո։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն, առաջին հերթին, այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովեինք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողը, ընդհակառակն, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ»։
Նա նշեց, որ աննախադեպ ծավալի ներդրումներ են իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է՝ արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել՝ նշանակում է՝ հայաստանցուն պահել ՀՀ-ում. «Իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»։
Փաշինյանը նաև հայտարարեց. «Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի՝ առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»։