Քաղաքական

«ՌԴ-ն դեռ փորձում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանել». Դավիթ Ստեփանյան

«ՌԴ-ն դեռ փորձում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պահպանել». Դավիթ Ստեփանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կողմերը շեշտել են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ հիմա հայ-ռուսական հարաբերություններում թիվ մեկ օրակարգային հարցը Արցախն է ու այնտեղ ռուսական խաղաղապահների ներկայությունը։

«2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հիմնականում ՌԴ-ն է տարածաշրջանում այս կոնֆլիկտի մոդերատորը, չնայած՝ հիմա տեսնում ենք նաև հակառակ տենդենցներ՝ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո։ Հավանաբար, ավելի խորը քննարկում է եղել փակ դռների հետևում։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը հարցեր է բարձրացրել ՌԴ նախագահի առջև՝ կապված խաղաղապահ առաքելության էֆեկտիվության մակարդակի հետ։ Պարզ է, որ Փառուխի, Քարագլխի դեպքերը այդ հարցերի հիմքն են տվել»։

Անդրադառնալով համատեղ հայտարարության այն կետին, որ հանդիպմանը կողմերը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան, և դիտարկմանը, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե ՄԽ աշխատանքը կասեցված է՝ մյուս համանախագահողների ձեռամբ, քաղաքագետն ասաց. «Թիվ մեկ հակասությունը պայմանավորված է Ուկրաինայով։ Ուկրաինայում սկսած գործողությունները ՌԴ-ի և Արևմուտքի միջև հանգեցրել են լուրջ հակասությունների։ Ամեն օր այդ երկու կողմերի միջև մի կամուրջ է այրվում, և Մինսկի խումբը հերթական կամուրջներից մեկն էր, որ սկսեց այրվել։ ՌԴ-ի կողմից այդ «այրման» համար կային նախադրյալներ, որոնք սկսեցին հայտնվել  44-օրյա պատերազմից հետո, երբ ՌԴ-ն սկսեց Թուրքիայի հետ հարցեր լուծել Արցախի շուրջ։ Ուկրաինայից հետո դա արտացոլում ստացավ նաև Արևմուտքի կողմից, երբ վերջինս փաստացի սկսկել է զուգահեռ գործընթաց՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմամբ։ ՌԴ-ն դեռ փորձում է այդ ձևաչափը պահպանել և այնպես անել, որ այդ կամուրջն էլ մինչև վերջ չայրվի, և լինի որոշակի լեգիտիմացիա՝ Արցախի հետ կապված գործընթացներում»։

Մյուս կողմից էլ, ըստ քաղաքագետի, Արևմուտքը չի ցանկանում, որ ՌԴ-ն ձևաչափի չեղարկման մեղավորությունը գցի իր վրա, և դրա համար շարունակում է որոշ քայլեր անել։ «Զուգահեռ, ՌԴ-ն իր համանախագահողին վերաորակել և նշանակել է հատուկ ներկայացուցիչ՝ Արցախին վերաբերող գործընթացներում։ Դեռ վաղ է խոսել, որ Մինսկի խումբը չեղարկվել է և չի գործում»։

Ինչ վերաբերում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկի վերաբերյալ կետին, Ստեփանյանը տեսակետ հայտնեց, որ այդ ձևաչափի վերաբերյալ հիշատակումը եղել է Մոսկվայի միջնորդությամբ։ Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ն այդ ձևաչափում որևէ շահ չունի, Վրաստանն էլ շահ չունի և որևէ մասնակցություն չի ունենում գործընթացներում. «Հենց միայն այդ առումով այս ձևակերպումը սխալ է, որովհետև «3+3» գոյություն չունի, ֆորմալ առումով «3+2» կա։ «3+3»-ի հիշատակումը ևս ՌԴ-ին ձեռնտու է՝ որպես նոր ֆորմատ, որում նորից Արևմուտքը չկա։ Այն արևմտյան ջանքերին, գործընթացներին հերթական այլընտրանքն է։ ՌԴ-ն փորձում է հիշեցնել, որ կա ևս մեկ ձևաչափ, որում նրանք կարող են համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ՝ առանց Արևմուտքի որևէ մասնակցության։ Հուսով եմ՝ հիշատակումն ունեցել է ֆորմալ բնույթ, որովհետև այդ ֆորմատի գոյությունը և ՀՀ-ի մասնակցությունը դրանում որևէ աղերս չունի մեր ազգային շահերի հետ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական