Քաղաքական

Ռուսական շահը՝ հայ-թուրքական հարաբերություններում

Ռուսական շահը՝ հայ-թուրքական հարաբերություններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև հայ-թուրքական հարաբերություններին: Ըստ այդ հայտարարության՝ Փաշինյանն ու Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Սա հետաքրքիր է այն առումով, որ, ըստ էության, առաջին անգամ նման մակարդակով շեշտվում է հայ-թուրքական երկխոսությանը ՌԴ աջակցության մասին:

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ պատերազմից հետո Հայաստանի սուբյեկտայնությունը գահավիժել է, որից հետո տարածաշրջանային գործընթացները առանց Ռուսաստանի միջնորդության հնարավոր չէ նախաձեռնել և իրականացնել. «Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, և ակնհայտ է, որ Ռուսաստանի միջնորդությունը եղել է։ Այլ հարց է, որ ուղիղ տեքստով չէր ասվում դրա մասին, բայց ենթատեքստը միշտ էլ կար, նորություն չէր։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը մասնակցություն ունի և ուշի-ուշով հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ գործընթացում»: 

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանի միջնորդությունը այն առումով է դրական, որ դա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործում որոշակի առաջընթացի կբերի. «Հասկանալի է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի շահերը, պետք է սպասել, որ խնդիրներ կարող են առաջանալ բոլոր այն դեպքերում, որոնք չեն համապատասխանի Ռուսաստանի շահերին, բայց չեմ կարծում, որ դրանք էական ազդեցություն կունենան ընդհանուր գործընթացի վրա»։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կայանալու է Վիեննայում, որի մասին հայտարարեց Մեվլութ Չավուշօղլուն՝ միևնույն ժամանակ Հայաստանին կոչ անելով ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:

Ըստ քաղաքագետի՝ էական չէ, թե հանդիպումը որտեղ է տեղի ունենալու, և ով է լինելու միջնորդը, դա միջազգային գործընթաց է. «Կարող են հանդիպումներ լինել նաև այլ վայրերում։ Գործընթացի սկիզբը եղել է Ռուսաստանի միջնորդությամբ, և, այդպիսով, Ռուսաստանը ունի որոշակի դերակատարում ընդհանուր գործընթացում, բայց դա չի նշանակում, որ ամբողջական գործընթացը միայն Ռուսաստանի թելադրած խաղի կանոններով է տեղի ունենալու։ Ռուսաստանի շահերը հաշվի են առնվելու ցանկացած դեպքում, հակառակ դեպքում՝ նա կխոչընդոտի գործընթացին, բայց այն, որ գործընթացը կունենա զարգացումներ, որոնք ամբողջապես Ռուսաստանի տիրապետության տակ չեն լինի, ևս ակնհայտ է»։

Ղևոնդյանը Թուրքիայի՝ ավելի համարձակ լինելու առաջարկը կապեց բանակցությունները Երևանում անցկացնելու առաջարկի հետ, համարելով, որ Հայաստանը այդ առաջարկը մերժել է հասկանալի պատճառներով. «Հայաստանը մերժել է առաջարկը, որովհետև դա բավական զգայուն թեմա է։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե հանդիպումը Երևանում լինի։ Երկու երկրների դրոշները պետք է կախվեն, երկու երկրների պաշտոնյաներ պետք է հանդիպեն։ Հիշում ենք, թե 2008թ. ինչ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի ժամանման ժամանակ։ Դրա պատճառով էլ այս ներքաղաքական իրավիճակը հայկական կողմը չի ցանկացել ավելի լարել, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները երկկողմ չեն»։


Անուշ Մկրտչյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական