Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի նախաձեռնած պայքարի, դրա հնարավոր արդյունքների և գործողությունների ընթացքի մասին Radar Armenia-ն զրուցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։
- Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի նախաձեռնած գործողությունները։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «5165» շարժումը հայտարարել են անժամկետ պայքարի մասին, «Հայաստան» դաշինքը՝ ապակենտրոն ու ցանցային։
- Ես անչափ կարևոր եմ համարում Արցախի, Հայաստանի փրկությանն ուղղված յուրաքանչյուր գործողություն՝ անկախ նրանից, թե դա որ հակաիշխանական ուժն է կազմակերպում, որովհետև ՀՀ-ն ու Արցախն ապրում են իրենց պատմության ծանրագույն ժամանակները։ Այս պահին ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հայաստանի և Արցախի համար շատ ավելի ծանր իրավիճակ է, քան, անգամ, 2020-ի նոյեմբերի 9-ի՝ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրից հետո, որովհետև հիմա նժարին դրված է Արցախի՝ լինել-չլինելու և Հայաստանի ինքնիշխանության հարցը։ Այս առումով, ես, որ շատ տևական ժամանակ քննադատել եմ խորհրդարանական ընդդիմությանը, հիմա կանգնած եմ իր կողքին, կանգնած եմ բոլոր այն ուժերի կողքին, որոնք տարբեր կետերում ապակենտրոն պայքար են սկսել՝ կանգնեցնելու Արցախի հանձնումն ու Հայաստանի ինքնիշխանության կորուստը։
- Տարբեր իրավիճակներում ընդդիմությունը խոսում է անժամկետ պայքարի մասին, սակայն պայքարն էպիզոդիկ բնույթ է կրում։ Այս դեպքում հեռանկար տեսնու՞մ եք։
- Մենք այս պահին այլընտրանք չունենք։ Շատ կարճ ժամանակում պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում, ինչպես 2018-ի գործողությունները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը, իր թիմը հայտարարում են, գործողությունները տեղավորվում էին օրենքի շրջանակներում, այդ թվում՝ Ռադիոտան գրավումը։ Կրկնում եմ՝ բոլոր գործողությունները պետք է լինեն ՀՀ-ի օրենքի և օրինականության շրջանակներում։ Անժամկետ ասելով՝ պետք է հասկանալ, որ այլևս ժամանակ չունենք, ամեն րոպեն աշխատում է Հայաստանի ու Արցախի դեմ ու՝ հօգուտ Ադրբեջանի։
Այս իշխանությունն առավելագույնը շաբաթների ընթացքում պետք է հեռացվի, Հայաստանը և Արցախը պետք է կարողանան ստանալ «թայմ աութ»՝ նոր բանակցող ունենալու համար, պետք է ձևավորվի նոր մեծամասնություն, ՀՀ-ն պետք է ունենա նոր բանակցող։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ վերջին ելույթից հետո տպավորություն ունեի, որ ինքն ասում է՝ «էլ ինչ պիտի անեմ, որ դուք ազգովի ոտքի կանգնեք և ինձ հեռացնեք»։ Տպավորություն ունեմ, որ ինքը հայտնվել է մի անասելի թակարդի մեջ՝ իր աշխարհաքաղաքական, ներքաղաքական մանիպուլյացիաների պատճառով, ու իր համար ևս լավագույն ելքը հեռանալն է։ Կարծում եմ՝ Փաշինյանին ու իր թիմին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, որ բոլոր գործընթացները լինելու են օրենքի և օրինականության սահմաններում, չեն լինելու հաշվեհարդարներ, լինելու է արդար, բաց, հրապարակային դատական գործընթաց, որովհետև 44-օրյա պատերազմի Նյուրնբերգը պետք է լինի։ Առանց խախտելու որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ հրապարակային դատավարությամբ պետք է քննվի «բունկերի» բոլոր դերակատարների մասնակցությունն այս պատերազմում։ Պետք է պարզվի՝ դավաճանական գործողությունների՞, թե՞ ապաշնորհ կառավարման արդյունքում է տեղի է ունեցել 21-րդ դարի հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկը՝ Արցախի 75%-ի կորուստը։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դրանում այլընտրանք չկա, և ես, որ այս հարցում մշտապես եղել եմ հոռետես, ունեմ զուսպ լավատեսություն, որ այս անգամ ընդդիմությունը հաջողելու է, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ սա մեր բոլորի վերջին փամփուշտն է՝ փրկելու Արցախը և Հայաստանը, այլ հնարավորություն չի տրվելու, հաջորդ քայլը լինելու է՝ համակերպվել խաղաղության այն նվաստացուցիչ պայմանագրին, որը Արցախը ներառելու է Ադրբեջանի կազմում։
- Եթե բոլոր թևերը պայքարի նպատակ են հայտարարում Արցախի փրկությունը, ինչո՞ւ չպայքարել միասնական և դիմել ապակենտորն պայքարի ձևաչափին։
- Ապակենտրոն, ցանցային ձևաչափը բնավ չի նշանակում, որ միասնական պայքար չի լինելու։ Դա պայքարի այն մեթոդն էր, որը դասական ձևով օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, հետո բոլոր հոսանքները միացան իրար։ Ես ուզում եմ վստահ լինել, որ ընդդիմությունն ունի իր գործողությունների ճանապարհային քարտեզը։ Արցախը հանձնելու վայրկենաչափը միացել է, պետք է միավորվել մեկ պայքարի մեջ։
Մարիամ Սարգսյան