Քաղաքական

«Մարդկանց մի մասն անկեղծորեն անհանգստացած են օրվա, մյուս մասը՝ իրենց խնդիրներով». Հովիկ Աղազարյան

«Մարդկանց մի մասն անկեղծորեն անհանգստացած են օրվա, մյուս մասը՝ իրենց խնդիրներով». Հովիկ Աղազարյան

«Ազատության հրապարակում մարդիկ են, որոնց մի մասն անկեղծորեն անհանգստացած են օրվա խնդիրներով, մի մասն էլ՝ անձնական խնդիրներով, և նրանց տարանջատելը բավականին դժվար է»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիրներին և նրանց հյուրընկալվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հիշեցնենք՝ այս օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բարձր պաշտոն զբաղեցրած անձանցից Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանին հանդիպել են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

Ըստ Աղազարյանի՝ մարդիկ իրացնում են իրենց իրավունքները, և ոչ մի դատապարտելի բան չկա դրանում։

Աղազարյանը դժվարացավ տարանջատել, թե Ազատության հրապարակում հավաքվածներից ովքեր են անհանգստացած օրվա, ովքեր՝ իրենց անձնական խնդիրներով։ «Անկասկած, օրվա խնդիրներով անհանգստացած մարդիկ կան. շարքային քաղաքացին անկեղծորեն գնում է Ազատության հրապարակ, որպեսզի իմանա՝ ինչի մասին են խոսում, ինչ խնդիրներ կան։ Բայց նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել ուրիշ բաներով, իրենք անհանգստացած են անձնական խնդիրներով. նրանք Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ պտտվող մարդիկ են»,- ասաց ՔՊ պատգամավորը։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական