Քաղաքական

Վանեցյանի ակցիան Փաշինյանի ելույթից հետո է կազմակերպվել

Վանեցյանի ակցիան Փաշինյանի ելույթից հետո է կազմակերպվել

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիան կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո. «Այս բողոքի ակցիան տարբեր նախ և առաջ Փաշինյանի խայտառակ քաղաքականության և ԱԺ ելույթից հետո է արվում։ Այդ ելույթի յուրաքանչյուր նախադասության համար նա արժանի է ցմահ դատապարտման»։

Խաչիկ Գալստյանը նշեց՝ ակցիա իրականացնելու համար ժամանակային որևէ սահմանափակում չունեն. «Երբ պարոն Վանեցյանը եկավ Ազատության հրապարակ և ասաց, որ դիմում է այսպիսի քայլի, հետո հայտարարվեց, որ որևէ ժամանակային սահմանափակումներ չունենք։ Մնում ենք այնքան, մինչև խնդիրները չլուծվեն։ Այսինքն՝ սա անժամկետ գործողությունների մասին հայտարարություն է»։

Անդրադառնալով խորհրդարանական գործրնկերների՝ իրենց չմիանալուն, Գալստյանը հավաստիացրեց. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Վանեցյանի հայտարարությունից ժամեր անց եկել են Ազատության հրապարակ և այսօր էլ են այնտեղ, որը աջակցության քայլ է»։

«5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանն էլ տեղեկացրել է, որ այսօրվանից իրենց կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու գաղափարի շուրջ։ Այս որոշմանը անդրադառնալով՝ Գալստյանը նշեց. «Յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն, ով հանդես է գալիս իշխանությունների հեռացման օրակարգով, օգնում է ընդհանուր գործին։ Ես Ազատության հրապարակում եմ, այս պահին, տեսնում եմ, «5165»-ի գործընկերները՝ նույնպես»։

Եվրոպայում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, դրա նախօրեին ընդդիմադիրները հանրահավաք իրականացրին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և նստացույց է իրականացվում։

Գալստյանի խոսքով՝ այդ հանդիպումը նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որից «աշխարհացունց բան սպասել հնարավոր չէ». «Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունները հակառակ մակարդակի վրա են։ Նրանց ամենօրյա գործունեությամբ, ուղերձներով, այն բառապաշարով, որ նրանք գեներացնում են տարբեր ամբիոններից, բնականաբար, իրենց խորը հետքն են թողնում և վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Այդպիսի իշխանությունները Հայաստանի համար ոչ մի լավ բան անելու ունակ չեն»։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները դրսևորում են  լարախաղացի քաղաքականություն. «Իրենց պատեպատ են տալիս, թռչում այս կենտրոնից այն կենտրոնի գիրկը՝ իշխանության երկարաձգման որևէ երաշխիք կորզելու, բայց, կարծում եմ, իրենց ժամանակը վաղուց գնացած է, իրենց հեռացման հարցը այսօր արդեն արդիական չէ, այսօր արդիական է բոլորով համախմբվելու և այս խայտառակ վիճակից վերելքի ճանապարհը ուղեգծելու»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական