ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել է արդեն երրորդ օրն անընդմեջ Ազատության հրապարակում գտնվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արա Այվազյանը կարծիք է հայտնել, որ զորքերը հայելային կերպով հետ քաշելը մարտավարական սխալ է:
«Իմ պաշտոնավարման ժամանակ ԼՂ հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի հայտարարություններ են եղել, որտեղ արված շեշտադրումները համապատասխանել են մեր ազգային շահերին, բայց նշաձողի իջեցման պահանջ չի եղել։
Այվազյանը վստահություն է հայտնել, որ դիվանագիտության միջոցով մենք կարող ենք նույնիսկ այս ծանր իրավիճակում նվազագույնն ապահովել։
«Մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք նախկին գործընկերներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք շատ մեծ փորձ ունեն։ Ինձ նկատի չունեմ։ Եվ կարծում եմ, որ հիմա մենք պետք է իսկապես ի մի բերենք մեր ամբողջ ազգային և պետական ներուժը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի` հայելային կերպով զորքերը հետ քաշելու առաջարկին, ապա նման առաջարկ եղել է 2021-ի մայիսի 27-ին, որից ժամեր անց հրաժարական եմ տվել։ Զորքերը հայելային կերպով հետ քաշելը մարտավարական սխալ է»,- նշել է Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում՝ շատ ավելի լայն առանցքում, քան Հայաստան-Ադրբեջանն է։
«Սա շա ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ-շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2021֊ի մայիսին։