Քաղաքական

«ԱԱԾ-ԿԳԲ-ական» շրջանակները ներկայացնողները որևէ քաղաքական նշանակություն չունեն». Սաքունց

«ԱԱԾ-ԿԳԲ-ական» շրջանակները ներկայացնողները որևէ քաղաքական նշանակություն չունեն». Սաքունց

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ից Ազատության հրապարակում է։ Նա հայտարարել է՝ չի հեռանալու՝ մինչև նպատակի իրականացումը։ Նրա խնդիրն է՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։

«Ազատության» հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով և «Արցախը փրկելու նպատակով» անժամկետ պայքարի մասին հայտարարել է նաև «5165» շարժումը։

Radar Armenia-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, թե չի կարծում, որ «նրանք այն մարդիկ են, որոնք որևէ քաղաքական նշանակություն ունեն, հատկապես՝ «ԱԱԾ-ԿԳԲ-ական» շրջանակները ներկայացնողները». «Խնդիրն այն է, որ իշխանությունը պետք է շատ հետևողական, սկզբունքային և հստակ ներկայացնի իր դիրքորոշումները, հիմնավորի։ Պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր այն «քաղաքական ուժերին», որոնք պետության և քաղաքացու դեմ հանացագործություններ են կատարել, որպեսզի նրանք միայն քրեական տիրույթում գտնվեն, ոչ թե՝ քաղաքական»։

Ըստ Սաքունցի՝ թեև հայտարարում են անժամկետ պայքարի մասին, սակայն այն հեռանկարային չէ։

Դիտարկմանը, թե ընդդիմության տարբեր թևեր հիմնականում հայտարարում են, որ պայքարում են Արցախի համար, սակայն միասնական չեն գործում, Սաքունցն արձագանքեց. «Ոչ մեկն Արցախի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտել՝ բացի հռչակագրային դրույթներից։ Ունեցել են պատշաճ ժամանակ՝ առնվազն 20 տարի՝ Արցախի համար գործ անելու»։

Դիտարկմանը, թե, ըստ իշխանության, եթե ընդդիմությունն այս պայքարում հաջողի, դա կարող է հանգեցնել պատերազմի, իսկ հակառակ դեպքում կլինի խաղաղություն, Սաքունցն արձագանքեց. «Ես նման կերպ գույները չէի խտացնի, որովհետև ընդդիմությունը հեղափոխությունից մի քանի ամիս անց սկսել է իր պայքարը, մինչ այդ պատերազմ չկար, Արցախի հարց չկար, բայց իշխանությունը նորից զավթելու ցանկությունը մշտապես եղել է, այնպես որ՝ հռետորաբանության մեջ Արցախն ընդամենը որպես պատրվակ է գործածվում»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վանեցյանին աջակցություն են հայտնում խորհրդարականական ընդդիմադիրները, սակայն չեն միանում նրա պայքարին, Սաքունցն ասաց. «Մեղք է նրանց ընդդիմություն անվանելը, առավել ևս՝ քաղաքական»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական