ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։ Սա՝ այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ցանկանում ՌԴ-ի հետ աշխատել՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ դրական է համարում Ռուսաստանի ներկայացուցչի նշանակումը, և այն պատահական չի. «նշանակվել է մարդ, ով քաջատեղյակ է խնդրին, որովհետև արցախյան հակամարտությունը անուղղակիորեն կապված է նաև հայ-ադրբեջանական հակասությունների հետ»։
- Համանախագահների՝ Մինսկի խմբի շրջանակներում իրար հետ չշփվելն ի՞նչ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա։
- Տևական ժամանակ է՝ Մինսկի խումբ գոյություն չունի։ Դե յուրե կա, բայց դե ֆակտո՝ ոչ։ Հետևաբար, պետք է աշխատենք այն կողմի հետ, ում լսել պատրաստ են երկու կողմերը՝ այսինքն, Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ Լավրով-Միրզոյան հայտնի հանդիպումը, երբ Լավրովը խոսեց Մինսկի խմբի մասին, հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել, որ վաղուց արդեն Մինսկի խումբ չկա, և հարցերը կարգավորվում են անմիջապես Ռուսաստանի հետ։ Այն հասկացությունները, որոնք այսօր կան Մինսկի խմբի անդամ երկրիների միջև, կարծես անհաղթահարելի են, որոնք դրական չեն կարող անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա։
Համանախագահների՝ Մինսկի խմբի շրջանակներում իրար հետ չշփվելը միանշանակ կբերի խմբի չգործելուն, որովհետև եթե համանախագահ երեք երկրներից երկուսը մեկի դեմ ունեն անթաքույց թշնամական հարաբերություններ, դա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ։ Կարծում եմ՝ այս պարագայում խոսել համանախագահ երկրների հնարավոր համագործակցության արդյունավետության մասին՝ լուրջ չէ։
- Անցյալ շաբաթ Հայաստանում էր Ֆրանսիայի համանախագահը, այս շաբաթ՝ Ամերիկայի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Մտածում եմ՝ դա դեմքը փրկելու փորձ է, որպեսզի ցույց տրվի, որ, ամեն դեպքում, իրենք ևս արենայի վրա են և դեռևս կենսունակ են։ Իմ կարծիքով՝ առանց երրորդ համանախագահ պետության՝ ՌԴ-ի, այդ երկու երկրներն ընդհանրապես որևէ բան՝ կապված ԼՂ հակամարտության հետ, չէին կարողանալու անել՝ պարզ պատճառով.
Մեկ՝ ԼՂ-ում կանգնած են ռուս խաղաղապահները, ոչ թե՝ Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների։
Երկրորդ՝ Արցախի համակարտության կարգավորումը այսօր ՀՀ-ի իշխանությունը կապում է Ադրբեջանի հետ, այսինքն, դելիմիտացիայի ու դեմարկացիայի և, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ռուսաստանն էլ բազմիցս հայտարարել էր, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գծման քարտեզները գտնվում են իրենց գլխավոր շտաբում։
- Դե յուրե՝ Մինսկի խմբի փաստաթուղթը դեռ գործում է. հնարավո՞ր է այս ամենի արդյունքում փաստաթղթերով ևս Մինսկի խումբը դադարի գոյություն ունենալ։
- Չեմ կարծում, թե Մինսկի խումբը կլուծարվի, որովհետև, ամեն դեպքում, դա միջազգային ինստիտուտ է՝ աշխատում է, թե չի աշխատում, այլ հարց է, բայց հարաբերությունների վերջնական խզում տեղի չի ունենա։ Տեղ կթողնեն՝ Մինսկի խմբի ֆորմատն օգտագործելով միմիանց հետ որոշակի հարաբերություններ պահպանելու համար, դա երեք երկրների շահերից էլ բխում է։
Եթե Մինսկի խմբի պայմանագիրը լուծարվում է, դրանով Ֆրանսիան ու Միացյալ նահանգները զրկվում են որոշակի ազդեցությունից կամ թեկուզ տեղյակ լինելու հնարավորությունից։ Սա, կարծում եմ, ռուս-ամերիկա-ֆրանսիական եռակողմ պայմանավորվածության արդյունք կարող ենք դիտարկել։
Ոսկեհատ Պողոսյան