Վաղը՝ ապրիլի 19-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ այցի մասին կարելի է խոսել դրա ավարտից հետո. «Բրյուսելում կայացած հանդիպումը մեզ ցուցանեց, որ Ռուսաստանն, ըստ էության, ղարաբաղյան խնդրի կարգավորման օրակարգից դուրս է գալիս, և էական է հասկանալ՝ վաղը ինչպիսի՞ արձագանք կլինի, Ռուսաստանն ինչպիսի՞ դիրքորոշում կցուցաբերի՝ խնդրի հետ կապված»։
Ըստ Սարոյանի՝ պետության ղեկավարների հանդիպումը ավելի հստակություն կմտցնի հարցում. «Մեր ակնկալիքը հենց այդ հստակությունն է, որից, ինչ-որ առումով, նաև պարզ կլինի, թե գործընթացները դեպի ուր են ընթանում»։
Քաղաքագետը, բացառելով փաստաթղթերի ստորագրումը, ասաց, որ հնարավոր չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավորները ինչ-որ բան ստորագրեն, որը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ «Եռակողմ հանդիպում չի, որ ակնկալելու լինենք փաստաթղթերի ստորագրում»,- ընդգծեց նա։
Ոսկեհատ Պողոսյան