Քաղաքական

«Ընդդիմությանը ձեռնտու է, որ ՀՀ-ն պարտադրված լինի ստորագրել իր շահերին հակազդող փաստաթուղթ». Անտինյան

«Ընդդիմությանը ձեռնտու է, որ ՀՀ-ն պարտադրված լինի ստորագրել իր շահերին հակազդող փաստաթուղթ». Անտինյան

ՌԴ ՊՆ-ն ապրիլի 17-ին հայտնել էր, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։

ՌԴ-ից հայկական կողմին հրադադարի խախտման մեջ մեղադրելը, ըստ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Radar Armenia-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ ՌԴ-ն բարձր մակարդակի դաշնակցային փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի հետ. «Մեր սահմանները խախտում է Ադրբեջանը, վերջինիս կողմից պատերազմից հետո ճնշում կար։ ՀԱՊԿ-ը մեզ չէր աջակցում, ՌԴ հետ ունեցած մեր դաշնակցային հարաբերությունները նույնպես չէին նպաստում, որ Ադրբեջանը չմտներ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ՀՀ սուվերեն տարածք։ Դա ուներ մեկ այլ պատճառ ևս՝ ՌԴ-ն վստահ էր, որ Ուկրաինայում 3 օրում հաղթանակ կտոնի, և ցանկություն ուներ վերականգնել ԽՍՀՄ-ը, հաջորդը պետք է լիներ ՀՀ-ն, քանի որ համարում էր, որ Բելառուսի հետ հետ հարցը լուծված է»։

Ըստ Անտինյանի՝ որպեսզի ՀՀ-ն համաձայներ դրան, Ադրբեջանն անընդհատ ճնշում էր գործադրում և ցույց տալիս, որ ՀՀ-ն անպաշտպան է։ «Ադրբեջանի ակտիվությանը սինքրոն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ՀՀ-ն պետք է նախաձեռնությամբ հանդես գա, մտնի ՌԴ կազմ, որովհետև ընդամենը դաշնակցային  հարաբերությունները բավարար չեն, որ մեր սահմանները կարողանանք պահել և ՌԴ-ից բան պահանջել։ Այդ ընթացքում էլ Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորվեց՝ Արցախի հարցն ի շահ իրեն լուծելու համար։ Այս պլանները խախտվեցին այն պատճառով, որ Ուկրաինայում պատերազմը ձգձգվեց։ Ադրբեջանի մտադրությունը դրանից չպակասեց, «ախորժակը» մնաց նույնը՝ երբ աշխարհի ուշադրությունն այլ տեղ է, կարողանալ շահեկան դիրքեր զբաղեցնել Արցախում»։

Այս իրավիճակում, քաղաքագետի խոսքով, ՌԴ-ն ցանկություն ունի ցույց տալ, թե սահմանային խախտումները լինում են նաև հայկական կողմից. «Ադրբեջանին ձեռնտու է, որ այս իրավիճակում ավելին վերցնի, Հայաստանին ձեռնտու է խաղաղ բանակցությունների արդյունքում հնարավորինս ձգձգել որևէ փաստաթղթի ստորագրում, որովհետև այս պահին դա մեր շահերից չի բխում։ Դրա համար երեք կողմից ճնշումներ են. Ադրբեջանի կողմից՝ ակտիվություն սահմանին, ՌԴ-ն հայկական կողմին ասում է՝ «մեզ մի մեղադրիր, դուք էլ եք սահմանը խախտում», երրորդ կողմից էլ՝ ընդդիմությունն է, որը խաղում է այդ սցենարը, որովհետև վերջինիս էլ է ձեռնտու, որ ՀՀ-ն պարտադրված լինի իր շահերին հակազդող փաստաթուղթ ստորագրելու»։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին՝ վաղը կայանալիք հանդիպմանը, Անտինյանը տեսակետ հայտնեց, թե ՌԴ-ն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ-ն այս վիճակում դժգոհ չմնա, որպեսզի ստիպված չլինի իր անվտանգության համար այլ ուղիներ որոնել. «ՌԴ-ն այսօր այն դիրքում չէ, որ մեզ կարողանա ինչ-որ բան պարտադրել, ընդհակառակն՝ հիմա մեր կարիքն ավելի ունի, քան մենք՝ իր։ ՌԴ-ն պարտավոր է մտածել, որ այս պահին Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն, որն իր կողմից չի կանխվում, առաջացնելու է շատ լուրջ լարվածություն հայ-ռուսական հարբերություններում։ Փաշինյանը սա շատ հստակ պետք է ձևակերպի»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական