ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անժամկետ բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի: Radar Armenia-ն փորձել է այս ակցիայի վերաբերյալ պարզել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների տեսակետը։
Radar Armenia-ի հետ զրույցում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նկատեց, որ քաղաքական ուժերը նման քայլեր սովորաբար կատարում են այն պահին, երբ կառավարությունը սկսում է գոյաբանական հարցերով բանակցությունները. «Ընդ որում՝ դա ամեն անգամ զուգորդվում է հեղաշրջման սպառնալիքներով։ Դա պատահական չէ, օրինչափություն է, և դա պետք է հիշել։ Մենք տեսնում ենք, որ Բրյուսելի այցելությունից առաջ իրեն ընդդիմություն անվանող մարդիկ սպառնում էին փողոցային ցույցերով և չէին թաքցնում հեղաշրջման նպատակը»։
Հարցին, թե նման իրավիճակում հնարավոր է ընդդիմության կողմից հեղաշրջում իրականացնելը, Խզմալյանը նշեց հեղաշրջման երկու աղբյուրները. «Դա հասարակության պահանջն է, որը ակնհայտորեն բացակայում է, երկրորդ աղբյուրը՝ արտաքին ճնշումներն են։ Երկրորդը առկա է. Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումների համար օգտագործում է ինչպես Արցախի անկայուն վիճակը և ադրբեջանական նախահարձակների զավթումը, այնպես էլ՝ իր բազմաթիվ այլ լծակները»։
Խզմալյանը նշեց, որ տարբեր քաղաքական գործիչներ պարբերաբար փորձում են ապակայունացնել պատերազմող երկրի ներքին իրավիճակը, և նրանց մշտական նպատակը՝ առանց ընտրությունների իշխանության փոփոխությունն է. «Հայաստանի եվրոպական կուսկացությանը համարում է, որ իշխանափոխությունը Հայաստանում կարող է և պետք է իրականացվի միայն ժողովրդավարական միջոցներով՝ ընտրություններով։ Ցանկացած այլ փորձ պատերազմող երկրում դավաճանություն է, և մենք այդպես էլ որակում ենք Արթուր Վանեցյանի ամբողջ գործունեությունը»։ Խզմալյանը հավելեց, որ այսօր Արցախի պաշտպանության մասին խոսում է մի մարդ, ով «Շուշին է լքել՝ հազարից ավել զորք ունենալով». «Նրա շուրթերից լսել Արցախը պաշտպանելու, փրկելու կարգախոսը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե ոչ՝ ծիծաղելի»։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն էլ, անդրադառնալով Վանեցյանի նախաձեռնած ակցիային, նշեց, թե ընդդիմադիր կողմի բոլոր կուսակցությունները իրարից անկախ քաղաքականություն են վարում. «Նույնիսկ ապրիլ 9-ի հավաքին էր դա ակնհայտ։ Դրանից շուտ՝ Ռոբերտ Քոչարյանը Միութենական պետության հնարավորության մասին էր խոսում, իսկ այդ հավաքին Հանրապետական կուսակցությունը հարթակից բղավում էր «անկախությունը բացարձակ արժեք է»։ Դա երկու ուժերի կռիվն էր՝ նույն հարթակից»։ Ըստ Խաչատրյանի՝ «Նիկոլ Փաշինյանին փոխելով՝ ո´չ ռուսների թույլտվությամբ տեղադրված գազատարի փականն են հանելու, ո´չ՝ Քարագլխից են թշնամուն իջեցնելու, և ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը, վստահ եմ, շատ լավ գիտակցում է դա, ու սա սեփական թիմի և «ես»-ի շահերից բխող ակցիա է»։
Անուշ Մկրտչյան