Քաղաքական

Ընդդիմադիրների՝ աղմուկ-աղաղակով Արցախ գնալը պրովոկացիոն բնույթ էր կրում

Ընդդիմադիրների՝ աղմուկ-աղաղակով Արցախ գնալը պրովոկացիոն բնույթ էր կրում

Radar Armenia-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Անի Սամսոնյանը անդրադարձավ ՀՀ ԱԺ խորհրդարանական ընդդիմության կողմից նիստը բոյկոտելուն, Արցախ մեկնելուն և, առհասարակ, ընդդիմադիրների գործողություններին։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք խորհրդարանական ընդդիմադիրների՝ ԱԺ նիստը բոյկոտելը։

- Հայաստանի և Արցախի համար այսպիսի ճակատագրական ժամանակներում երկրի թիվ մեկ ինստիտուտում՝ խորհրդարանում, ժողովրդից մանդատ ստացած և նրա մի մասին ներկայացնող քաղաքական ուժերի այդօրինակ բոյկոտները միայն փախուստ են պատասխանատվությունից, ինչն ուղղակի ամոթ է։ Ընդդիմությունը հատուկ չէր մասնակցում այս լիագումար նիստին, որպեսզի չառնչվի վարչապետի հետ։ Հարցեր չունեն։ Երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով։ Ինքներդ դատեք՝ եթե ես նման գործերի մեջ լինեի, օրինակ, կկարողանայի՞ պարզ ճակատով և անկաշկանդ հարց ու պահանջ ներկայացնել վարչապետին։ Իհարկե, ոչ։ Դրա փոխարեն նախընտրելի է, օրինակ, իշխանականների կաբինետներում անձնական հարցեր լուծելը։

- Իսկ ինչպես եք վերաբերում ընդդիմադիրների՝ Արցախ մուտքի արգելքին, և իշխանության արձագանքը այդ մասով համարժե՞ք էր։

- Նախ, ընդդիմադիրների՝ աղմուկ-աղաղակով և ցուցադրաբար Արցախ գնալը արդեն իսկ պրովոկացիոն բնույթ էր կրում։ Նման թեթևամիտ պահվածքը ո՛չ խոսում է խորհրդարանական ընդդիմության սրտացավության, ո՛չ էլ՝ նրանց քաղաքական հասունության մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունը դժվարացել է՝ Ադրբեջանի կողմից առիթից օգտվելու և Արցախի սահմաններին սադրանքներ իրագործելու պատճառով։ Ամենայն հավանականությամբ, ռուսները զգուշացել են ընդդիմադիրների ցուցադրական քաղաքական ակցիայից։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, հայ պատգամավորների մուտքը Արցախ արգելելը կարող է վատ նախադեպ դառնալ։ Այս առումով ՀՀ ԱԳՆ-ի օպերատիվ հայտարարությունը կարևոր էր, որովհետև Հայաստանի և Արցախի կապը ոչ մի դեպքում չի կարող ընդհատվել, և խաղաղապահ առաքելության նպատակը նաև այդ կապի անխոչընդոտ ապահովումն է։ Սակայն հայտարարությունը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է մանրամասն պարզաբանումներ պահանջի պատգամավորների մուտքի արգելքի վերաբերյալ, որպեսզի այդպիսի բան այլևս չկրկնվի։

- Ըստ Ձեզ՝ ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե նրանք մասնակցեին նիստին և ուղղեին իրենց հարցերը։

- Երեկ և այսօր՝ կառավարության ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ, վարչապետը հանդես եկավ ելույթով, որտեղ խոստովանեց, թե ինչու մենք մտանք պատերազմի մեջ, ինչպես նաև բացահայտեց Արցախի հարցի կարգավորման ողջ աղետալի իրադրությունը։ Վարչապետի ելույթի յուրաքանչյուր նախադասությունից կարելի էր բխեցնել առնվազն երեքական հարց։ Եվ սա պետք է աներ խորհրդարանական ընդդիմությունը։ Այսինքն, ի՞նչ է ստացվում։ Վարչապետը եկավ, խոստովանեց իր մեղքերը, ասաց, որ պատերազմից հինգ է պակաս, և չկար մեկը, որ հարցներ՝ լավ, այս իրավիճակից դուրս գալու քո լուծումները ու՞ր են, Հայաստանի օրակարգը ո՞րն է։

Մյուս կողմից էլ, մտածում եմ, եթե խորհրդարանական ընդդիմությունը լիներ դահլիճում, կենտրոնանալու էին միայն վարչապետի խոստովանած մեղքերի վրա, սկսվելու էր փոխադարձ մեղքերի տարափը, լեզվակռիվը, ու կարևոր հարցերը էլի մնալու էին օդում կախված։ Այսինքն, մեծ հաշվով, խորհրդարանական ընդդիմության՝ Ազգային ժողովում լինելը և նիստերին մասնակցելը ոչ մի օգուտ չի տալիս։

- Իշխանությունը ասում է, որ ընդդիմադիրներին առաջարկել են փակ քննարկում ունենալ, ընդդիմությունը մերժել է այդ առաջարկը. ինչու՞, որքանո՞վ է ճիշտ այդպիսի պահվածքը։ 

- Այս ընդդիմությունը միշտ մեզ մեղադրել է իշխանության հետ փակ հանդիպումներ ունենալու և ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որը, իհարկե ստոր զրպարտություն է։ Հիմա այդ նույն ընդդիմությունը մնացել է, այսպես կոչված, «սուրճ խմելու» հռետորաբանության տակ և չի կարողանում այդ շրջանակից դուրս գալ։ Հաջորդ պատճառը, կրկին, պատասխանատվությունից խուսափելն է։ Ցանկացած ինֆորմացիա, որը նրանք կարող են պետության դիվանագիտական և անվտանգային հարցերի վերաբերյալ ստանալ փակ հանդիպման ընթացքում, լրացուցիչ պատասխանատվություն է իրենց համար, որի տակ իրենք չեն ուզում մտնել։ Եվ, ավելին, նրանք չգիտեն, թե ինչ պետք անել այդպիսի ինֆորմացիայի հետ։ Ավելի հեշտ է շառ ու փորձանքից հեռու՝ ամբիոնների մոտ, գոռգոռալ, որ այս իշխանությունը ծախել կամ լքել է Արցախը, կամ կործանում է երկիրը։ Այս հարցում իրենք ևս, որպես խորհրդարանական ընդդիմություն, անօգուտ են։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական