Radar Armenia-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը։
- Պրն Աթանեսյան, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությանը, նշել է, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Նրա խոսքով՝ կարելի է ընդամենը ենթադրել, որ արցախցի գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։ Ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը: Ձեր տպավորությամբ՝ արցախցի պատգամավորները սխա՞լ են հասկացել Փաշինյանի ելույթը: Ընդհանրապես, արցախյան հայտարարությունում ի՞նչ ուղերձներ կային:
- Ես վերացարկվում եմ Աղաջանյանի գնահատականից։ Արցախի ԱԺ երեկվա հայտարարությունը քաղաքական տեքստի հետ հեռավոր աղերս ունի։ Ես դա միանշանակորեն գնահատում եմ մարտնչող պրովինցիալիզմ։ Այլ մեկնաբանություն չունեմ։ ԱԺ նախագահն ասում է, որ Արցախը չի լինի անկախ Ադրբեջանի կազմում։ Այսինքն, ոչ անկախ Ադրբեջանի կազմում կլինի՞։ Խնդիրը, ուրեմն, ոչ այնքան Արցախի, որքան Ադրբեջանի՞ ապագան է։ Այսքանից հետո ի՞նչ ասել մի մարմնի մասին, որ իրեն առաջնային մանդատի կրող է անվանում։ Եկեք փորձենք պարզել, թե այդ «մարմնում» ներկայացված քաղաքական «ակումբներից» ո՛րը այսօր Արցախում ինչ վարկանիշ և հանրային աջակցություն ունի։ Պարզե՞լ են։ Ոչ։ Դա մի անպատասխանատու գոյություն է, որ, ինչպես պատերազմից առաջ և պատերազմի օրերին էր իմպոտենտ, այսօր էլ է նույնը։
Ինձ համար անհասկանալի է, թե այդ «մարմնում» հարաբերական մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավարի ելույթի պրագմատիկ դրույթներն ինչու տեղ չեն գտել հայտարարության տեքստում։
- Համաձայն Արցախի ԱԺ հայտարարության՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին տապալում է Արցախի պետականությունը, արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
- Բացարձակ անմեղսունակություն է՝ Հայաստանին վերագրել «Արցախը Ադրբեջանին բռնակցելու» մտադրություն։ Արցախի ԱԺ-ն պետք է համարձակություն և գոնե տարրական պարկեշտություն ունենար՝ առնվազն ակնարկելու, թե ինչպես և ինչու է տեղի է ունեցել պատերազմը։ Դրա փոխարեն ունենք Հայաստանի իշխանությունների նկատմամբ էքսպանսիա և աղերսական վերաբերմունք՝ միջազգային հանրությանը։ Մինչդեռ, իրականում, միջազգային հանրությունը պետք է լիներ Արցախի խորհրդարանի մտահոգվածության առաջին հասցեատերը, որովհետև ԼՂ խնդիրը 1992թ. մարտի 24-ի՝ ԵԱՀԿ նախարարների կոմիտեի որոշումից ի վեր այլևս միջազգային օրակարգի հարց է։ Հասցեագրումները պետք է լինեն ազնիվ, անկեղծ և թիրախային։
- ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կետերը դեռևս հայտնի չեն, սակայն Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի իր տարածքային ամբողջականությունը: Արցախյան հայտարարության՝ բռնակցման մասին պնդումն արդյո՞ք վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավոր հետևանքներին, թե՞ ոչ:
- Մենք պետք լինենք պրագմատիկ։ Հայաստանը չի կարող չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի առաջարկություններում կա մի խարդախամիտ ձևակերպում, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց քաղաքական ինքնիշխանությունը։ Սա արդեն նոնսենս է։ Հայաստանը չի կարող և չպետք է ճանաչի, որ Ադրբեջանի իրավազորությունը տարածվում է նաև ԼՂ հայ մեծամասնության նկատմամբ։ Դա կարող է ընդունել կամ մերժել ինքը՝ ԼՂ հայ մեծամասնությունը։ Եվ հենց այս հարցում է Ստեփանակերտը պարտավոր սուբյեկտություն ցուցաբերել։ Ոչ թե «հողմաղացների պատերազմ» սկսել Հայաստանի իշխանության դեմ, այլ փնտրել և միջազգային հանրության հետ գտնել երկխոսության ձևաչափ՝ այն կտրվածքով, որ արցախահայությունը չի եղել Ադրբեջանի անկախ պետության իրավազորության ներքո և չի ընդունելու այն։ Թող Բաքուն մտածի՝ ինչպես է կարգավորում այդ խնդիրը։
- Արցախի նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական է, բայց կարող են լինել ՌԴ-ի հետ ուղղահայաց հարաբերություններ: Որո՞նք են «ուղղահայացի շրջանակներում հարաբերությունները», այս հայտարարությունն ի՞նչ ուղերձ ունի:
- Հավաստիություն կամ հնարավոր ելք ենթադրող բոլոր հայտարարությունները ժամանակավրեպ և ոչ արդյունավետ են, ռուսների ասած՝ կոնտրպրոդուկտիվ։ Իմ կարծիքով՝ գերխնդիր է, որպեսզի ապահովվի ԼՂ հայ բնակչության անվտանգությունը, պահպանվի ինքնակառավարման ձևավորված համակարգը։ Մնացածը ժամանակի և աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի հարց է։ Բայց, որպեսզի վաղվա «ապոկոլիպսիսին» մենք չդիմադարձվենք «մերկ ու անպաշտպան», այսօր պարտավորված ենք վերևից մինչև գյուղական համայնք ինքնակատարելագործվել, դառնալ ադեկվատ և մրցունակ։
Մարիամ Սարգսյան