Քաղաքական

«Պետք է պայքարել ու նվաճել խաղաղ ապրելու իրավունք». Հայկ Սահակյան

«Պետք է պայքարել ու նվաճել խաղաղ ապրելու իրավունք». Հայկ Սահակյան

Միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը, խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Radar Armenia-ն այս թեմայով զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ։

- Պարո՛ն Սահակյան, ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է ճիշտ ինքնորոշման մակարդակի իջեցումն, ու ո՞րն է այդ կետը, մինչև ո՞ւր կարող ենք իջեցնել ինքնորոշման մակարդակը։

- Ինքնորոշման մակարդակն իջեցնելու ցանցկացած քայլ, ցանկացած միտում հետևելու է նրան, որ Արցախը հայաթափվելու է։ Այդ հետևանքներն ու պատասխանատվությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե՝ ոչ, բայց դա կործանարար հետևանք է ունենալու մեզ համար։ 

- Հակառակ դեպքում՝ պատրա՞ստ ենք հակազդեցության։

- Պետք է խելք ունենալ, որպեսզի կարողանալ հասկանալ պրոցեսները միջազգային տիրույթում։ Ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է, դրանցից պետք է կարողանալ ելքեր գտնել։

Մենք հիմա տեսնում ենք, որ մեր կառավարող խումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստ չէ ելքեր փնտրել։ Եթե անգամ այդ ելքերը լինեն, նրանք չեն դիմելու այդ քայլին, որովհետև որոշել են հանձնվել, պարտվել, տալ, պրծնել։

Բայց տեսանք՝ Ղարաբաղը տալով չեն պրծնում, Սյունիքն են ուզում, դա տանք՝ Արարատն են ուզելու, հետո՝ Երևանը, ու այդպես շարունակ։ 

Եթե ուզում ենք ինչ-որ ձեռքբերում ունենալ, ուզում ենք խաղաղություն, պետք է պայքարել ու նվաճել այդ խաղաղ ապրելու իրավունքը։

- Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմը կանխելու համար ինքն իրեն չէր կարողանում համոզել։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը կկարողանա՞ր կանխել պատերազմը։

- Նիկոլ Փաշինյանը չէր կարող կանխել պատերազմը, քանի որ ինքը չէր սկսել այն։

Պատերազմն ու, ընդհանրապես, այդ կոնֆլիկտը հարկավոր էին՝ այս տարածաշրջանում ռուսական ներկայությունն ապահովելու համար։ Ամերիկան և Ֆրանսիան ևս հետաքրքրված էին. նրանք էլ Մինսկի խմբում ներկայացված էին, որպեսզի այս տարածաշրջանում խնդիրները միայն ռուսական հայեցողությամբ չլուծվեն։ Նրանք նույնպես շահելու էին ու ուզում էին կոնֆլիկտի լուծման ժամանակ իրենց բաժինն ունենալ։ Այս խոշոր պետությունները, ներգրավված լինելով, իրենք են որոշումներ կայացնում, իսկ մենք ենթարկվում ենք, այսինքն, կոնֆլիկտը ոչ Նիկոլն է սկսել, ոչ իր՝ տարածք տալով է վերջանալու։

Թեկուզ Երևանը հանձնենք, հայերով գնանք մեր երկրից, ինչ ուզում ենք, անենք, այդ կոնֆլիկտը չի դադարելու։ Փաշինյանը կամ մեծ-մեծ խոսում է, կամ ստում է հերթական անգամ։ Առաջին անգամ չի, որ նա անկեղծության տակ ստում է։

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ կամ ինչի՞ց հետո կարող է վերջանալ այս կոնֆլիկտը։

- Վերջանալու է այն ժամանակ, երբ հասկանանք՝ կոնֆլիկտն ովքեր են կառավարում, ինչպես, ինչպես կարելի է դուրս գալ այդ շրջափուլից, և ինչ դերակատարում ունի Հայաստանն այդտեղ։ Մենք այս ամենի մասին չենք խոսում։

Մենք հիմա պարզապես այդ կոնֆլիկտի օբյեկտներից մեկն ենք, դրա մի մասը, կոնֆլիկտը վարող կողմը չենք։ Մեզ անընդհատ հրահանգում են, այստեղից այնտեղ են տանում, շատ լավ կարողանում են կառավարել։ Պիտք է դուրս գալ այս վիճակից, հասկանալ դրա պատճառներն ու լուծումներ գտնել։ Այդ լուծումները, մեզանից բացի, ուրիշ ոչ մեկը չի կարող գտնել։

Եթե մենք ուզում ենք խաղաղ, ապահով ապրել, այդ ամեն ինչը մենք պիտի կերտենք, բայց այդ ուղղությամբ քայլեր չենք անում։ Ընդհակառակն, մեղադրում ենք աշխարհին, հանրությանը, նախկիններին, աստվածներին ու ում ասես՝ մեզնից բացի, այն սուբյեկտից բացի, որը պետք է հստակ, գործուն, գիտակցված քայլեր կատարի՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

- Ասացիք՝ կոնֆլիկտի կողմ ենք ընդամենը, իսկ կողմ լինելով՝ կկարողանա՞նք լուծումներ գտնել ու դուրս գալ կոնֆլիկտից։

- Հիմա մենք այդ ռեսուրսը չունենք։ Հիմա կարող ենք մեր ունեցած ռեսուրսը կենտրոնացնել՝ հասկանալու համար կոնֆլիկտի էությունը, մեզ կառավարողների հմտությունը, ամբողջ պրոցեսն ու փորձենք դուրս գալ կոնֆլիկտից։

Դուրս գալու համար շատ կարևոր է լինել սուբեկտ, բայց մենք հիմա կեղծ պետություն ենք։ Պետություն լինելու համար ունենք ատրիբուտներ, բայց որպես պետություն չենք հանդես գալիս։ Պետությունները նպատակ են դնում, դրանց հասնելու համար քաղաքականություն են վարում, ջանք ու եռանդ են դնում, սուբյեկտ են, կարծիք, տեսակետ, շահեր ունեն, մենք ոչ մի բան չունենք դրանցից։

Մենք մեր կենսական շահերից շատ հանգիստ հրաժարվում ենք ու ասում՝ «շառից, փորձանից հեռու», բայց այդպես չի լինում, պատմության մեջ նման դարաշրջան չկա, որ փորձանք չի եղել։ Անընդհատ պայքար, պատերազմ, հաղթանակ, պարտություն է եղել, ու կենսունակ ժողովուրդները պայքարել են, հասել են այսօրվան, իսկ ոչ կենսունակները՝ վերացել, ու պատմության մեջ նրանցից գեղեցիկ դրվագներ են մնացել։

Մենք պիտի հասկանանք դա ու ինքներս մեզ հետ անկեղծ լինենք՝ հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ, արցախցին հա՞յ է, թե՞ ոչ։ Եթե այո՝ ի՞նչ ենք անելու, եթե ոչ, ո՞րն է մեր գործողությունը։ Թե չէ, ինչպես Մուշ, Սասուն ենք երգում, նույն ձև Արցախի, Սյունիքի մասին ենք երգելու, հետո արդեն, այլ երկրներից, Երևանի...

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական