ՀՀ կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կառավարության կողմից բնակարանների էներգոարդյունավետ վերանորոգման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, կոչ արեց՝ այն հնարավորինս արագ իրականացնել։
Քերոբյանը նաև մանրամասնեց. «Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան վարձով տալու այլ՝ ավելի գրավիչ տարբերակներ»:
Նրա խոսքով՝ քանի որ վարձակալության շուկայում խնդիրն իսկապես սուր է, պետք է փորձել հնարավորինս արագ ներդնել գործիքը, որ շուկայում առաջարկի ավելացումը զսպի բարձր գնաճին. «ՀՀ քաղաքացիները, որ երկար ժամանակ վարձով էին բնակվում, այլ ռեգիոններից Երևան էին տեղափոխվել և այլն, հիմա փողոցում են հայտնվել, և այս ծրագիրը կօգնի նաև, որ վերականգնենք նորմալ շուկան»: