Քաղաքական

«Բնակարանների ռենովացիայի ծրագիրը, հույս ունենք, կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր». Փաշինյան

«Բնակարանների ռենովացիայի ծրագիրը, հույս ունենք, կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր». Փաշինյան

Կառավարության որոշմամբ՝ կիրականացվի բնակարանների և անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում պետական աջակցություն կտրամադրվի բնակարանի կամ բնակելի տան էներգոարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում ամբողջապես կամ մասնակի կսուբսիդավորվեն բնակարանի կամ բնակելի տան էներգաորադյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքները:

Ղուլարյանի ներկայացմամբ՝ ՀՀ-ում, վիճակագրական տվյաների համաձայն, առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որից 450 հազար բնակարան և 420 հազար բնակելի տուն. «Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և, սեփականաշնորհման գործընթացից ի վեր, դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, էներգոարդյունավետության միջոցառումներ՝ ևս, ինչի պատճառով տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել բնակարանները: Այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել «էներգետիկ աղքատ»:

Բացի այդ, մի շարք հանգամանքներով պայմանավորված, արձանագրվել է քաղաքաշիության բնագավառի աշխատուժի սահմանափակ արտահոսք կամ որոշակի ներհոսք: Այս հանգամանքի հետևանքով շինարարական շուկան ներկայումս գտնվում է վերադասավորման փուլում, և անհրաժեշտություն է առաջանում ոլորտի մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ»:

Վարկի տարեկան տոկոսադրույքի ֆինանսավորման համար բազմաբնակարան շենքերի բնակարանների համար վարկի սահմանաչափը կկազմի ոչ ավել, քան 7 մլն դրամ, անհատական բնակելի տների համար՝ ոչ ավել, քան 10 մլն դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս ներդրման դիմաց ակնկալում են, որ քաղաքացիները միջնաժամկետ և երկարաժամկետ առումով հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն: Բացի այդ՝ աշխատատեղեր կապահովվեն արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց համար:

Սահմանամերձ գյուղերում վարկի տոկոսագումարի ամբողջական վճարումը կիրականացնի կառավարությունը, ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակիչները կվճարեն 2%, կառավարությունը՝ 12, ոչ սահմանամերձ քաղաքային բնակավայրերում քաղաքացիները կվճարեն 3, կառավարությունը՝ 11%, Երևանի բնակիչները կվճարեն 5%, մնացած 9%-ը կվճարի կառավարությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական