Քաղաքական

«Ադրբեջանի կազմում Արցախը ցանկացած կարգավիճակով թողնելը հանգեցնելու է ցեղասպանության». Ժիրայր Ազիզյան

«Ադրբեջանի կազմում Արցախը ցանկացած կարգավիճակով թողնելը հանգեցնելու է ցեղասպանության». Ժիրայր Ազիզյան

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վարչապետի խոսքը տարընկալման առարկա է դարձել, ինչն օրինաչափ է՝ այն առումով, որ որոշակի հստակություն պետք է մտցվեր, թե ինչ նշանակում «նշաձողի իջեցում». «Փաշինյանի խոսքում արձանագրվում էր միջազգային հանրության ակնկալիքը, բայց նաև պարզ չէ՝ ինչ է նշանակում միջազգային հանրություն. միջազգային կոնկրետ կազմակերպությու՞ն է, ԵԱՀԿ Մինսկի խու՞մբն է, ՄԱ՞Կ-ն է, թե՞ ԵԽ-ն կամ այլ կառույց»:

Ազիզյանն ընդգծեց՝ միջազգային հանրությունը կարող է տարբեր պահանջներ դնել, բայց արդյո՞ք մեր դիվանագիտության խնդիրը այդ աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելն է, թե՞ փորձելը՝ նպաստել այդ իրողությունների ձևավորմանը՝ մեր պետական շահերի տրամաբանությամբ. «Վարչապետի խոսքից ենթադրում եմ, որ նա ոչ թե կոնկրետ նկատի է ունեցել բանակցային գործընթացի տրամաբանության մեջ ՀՀ-ի՝ այս շեշտադրումներով առաջ գնալը, այլ պարզապես փաստն է արձանագրել, որ միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի հարցում նման դիրքորոշում ունի: ՀՀ-ի համար այս պահանջն ընդունելի կլինի, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: Այս հարցի պատասխանի փոխարեն տեսնում ենք հաջորդ շեշտադրումը, որ Փաշինյանն անում է՝ եթե մեզ համար մինչ այժմ գլխավորը կարգավիճակն էր, որից բխում է անվտանգությունը, հիմա մենք անվտագության երաշխիքների պահանջ ենք ներկայացնում, որն իրենից ենթադրում է նաև որոշակի կարգավիճակ»:

Քաղաքագետի խոսքով՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք սա կարող է լինել Ադրբեջանի կազմում կարգավիճակ՝ գուցե անվտանգության երաշխիքներով. «Տեսականորեն ու գործնականում սա կարելի է բացառել, որովհետև անհնար է պատկերացնել Ադրբեջանի կազմում կարգավիճակ, որն իրենից կարող է ենթադրել այդ անվտանգության երաշխիքները՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը՝ ուղղված Արցախում ապրող հայ բնակչության դեմ: Անհնար է այնպիսի կարգավիճակ, որի դեպքում Արցախը կարող է գտնվել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի կազմում Արցախը ցանկացած կարգավիճակով թողնելը բռնակցում է, չի բխում Արցախում ապրող հայ բնակչության կամարտահայտությունից,  հանգեցնելու է ցեղասպանության կամ բռնի հայաթափման»:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական է, բայց կարող են լինել ՌԴ-ի հետ ուղղահայաց հարաբերություններ, Ազիզյանն ասաց, որ շատերն այլ կերպ են ընկալել ՀՀ-ին չմիանալու մասին հայտարարությունը՝ մեկաբանելով, թե Արցախը հրաժարվում է մայր Հայաստանի հետ միացման գաղափարից և փորձում իր հույսերը կապել ՌԴ-ի հետ. «Մեր նպատակը եղել է և պետք է լինի մայր Հայաստանի հետ միավորվելը, բայց այսօր, աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով, պետք է հասկանանք, որ այս պահին դա շատ բարդ է, գրեթե՝ անիրատեսական: ՀՀ-ն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, քանի որ, նոյեմբերի 9-ի համաձայնագրի տրամաբանությամբ, հայկական զորքերը դուրս են բերվում Արցախի տարածքից, և այսօր մեր անվտանգության հիմնական երաշխավորը կամ ադրբեջանական ագրեսիան զսպող մեխանիզմը ռուսական խաղաղապահ առաքելությունն է: Կարծում եմ՝ ուղիղ հարաբերությունների ձևավորում ասելով՝ նկատի է ունեցել տարբեր խողովակների միջոցով երկկողմ հարաբերությունների ձևավորումը՝ առանց միջնորդների, ինչը պետք է բխի Արցախում ապրող հայ բնակչության շահերից և պաշտպանողականության ամրապնդման տրամաբանությունից»:

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական