Քաղաքական

Արտախորհրդարանական ուժերը չեն շտապում միանալ ՀՅԴ նախաձեռնությանը

Արտախորհրդարանական ուժերը չեն շտապում միանալ ՀՅԴ նախաձեռնությանը

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պատրաստվում են բողոքի նոր ալիք սկսել։ Հայտարարությամբ նաև հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցել նրանց հետ, «ովքեր պատրաստ են պայքարելու՝ հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը Radar Armenia-ի հարցին՝ արդյոք պատրաստվում եք միանալ ՀՅԴ բողոքի ակցիաներին, նշեց. «Մեր համար որևէ գործողություն, որը կնախաձեռնենք կամ կմասնակցենք, կապված է նրանից՝ ի՞նչ է դրված դրա մեթոդոլոգիայի ու նպատակների տակ։ Այս պահին ծանոթ չեմ ոչ մեթոդներին, ոչ իրատեսական նպատակներին, թե ինչ են պատրաստվում անել այդ մարդիկ։ Կարծում եմ՝ քաղաքականությունը էմոցիաների վրա հենված գործողությունների դաշտ չէ։ Զուտ «մի բան անենք» տեսակի փաստարկներով պրոցեսների մեջ մենք չենք եղել, չկանք ու չենք լինելու։ Իսկ եթե կա պրոցես, որը հստակ նպատակներ ունի, որոնց հասնելու միջոցների մասով բացատրություն կա, դա պատրաստ ենք քննարկել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ցանկացած պայքար պիտի ունենա նպատակ և միջոցներ. «Մենք կոնկրետ առաջարկ չենք ստացել, բայց, իրենց գործունեությունը տեսնելով, ես ոչ բովանդակություն եմ տեսնում այդ պայքարի մեջ, ոչ՝ նպատակ, ոչ՝ քայլերի տրամաբանություն։ Հետևաբար, ուղղակի շարժում՝ շարժման համար, ակտիվություն՝ ակտիվ լինելու համար, այդ պրոցեսին չենք կարող միանալ։ Երբ իրենք ձևակերպեն, թե ինչ խնդիր են ուզում լուծել, ինչ միջոցներով, և հստակություն կմտցնեն այդ քաոտիկ շարժման մեջ, որում գտնվում են, կարող ենք քննարկել, բայց այս պահի դրությամբ անիմաստ եմ համարում որևէ անհասկանալի պրոցեսին միանալ։ Կուսակցությունում չենք քննարկել նման առաջարկ»։

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսում նման հարց չեն քննարկել։

«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Մեհրաբյանը հարցին, թե արդյոք միանալու են բողոքին ու համագործակցեն ՀՅԴ-ի հետ, պատասխանեց. «Բնականաբար, ոչ, և, ինչպես ասում են, Աստված հեռու պահի»։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական