Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, արցախյան հիմնախնդրին և խաղաղության բանակցություններին։ Հիմնական կետերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ։
- Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք լուծել են ԼՂ հակամարտությունը, և որ ՄԽ-ն գործել է 28 տարի, իսկ արդյունքը զրո է։ Ինչպե՞ս կմենաբանեք սա, կարելի՞ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը անարդյունավետ համարել։
- Եթե Մինսկի խմբի գործունեությունը 28 տարիների ընթացքում զրո է եղել, ապա ինչու՞ այդ տարիների ընթացքում պատերազմ չի եղել։ Այսինքն, զուտ այդ հաշտարարության գործընթացը՝ 28 տարիների ընթացքում, արդյունավետ եղել է։ Ինչ վերաբերում է նրան, որ ինքը լուծել է այդ հարցը, չի լուծել, ավելի է բարդացրել, որովհետև պատերազմական հանցագործություններ է կատարել՝ խախտելով նույն այն սկզբունքները, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ՄԽ-ի համանախագահությունը դրել են խնդրի լուծման հիմքում, դա ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այս երեք սկզբունքն էլ Իլհամ Ալիևը խախտել է, հետևաբար, ինքը չի լուծել այդ հարցը և ինքնուրույն չի կարող ՄԽ համանախագահությունը լուծարել, որովհետև դա ձևավորվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, մանդատ տրվել է ԵԱՀԿ-ին, մասնավորապես, նրա ՄԽ համանախագահությանը՝ խնդիրը լուծելու համար։ Որևէ այլ մարմին՝ լինի Ադրբեջանը, թե Թուրքիան, չի կարող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը չեղյալ համարել, հետևաբար, նրա բոլոր խոսքերը իր հանրությանը ինչ-որ բան ապացուցելու խոսքեր են և, նաև, ճնշման գործիք՝ մեր իշխանավորների նկատմամբ, որոնք դրա արդյունքում ճնշվում են, երևի թե։
- Ալիևը նշում է, թե հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե մնում է ուժի մեջ, դե ֆակտո՝ այն արդեն կարելի է անվավեր համարել։ Ըստ Ձեզ՝ ԵԱՀԿ ՄԽ կա՞, թե՞ ոչ։
- Իրականում, Մինսկի խումբը կա, որովհետև իրավական հիմքերը ոչ ոք չեղյալ չի համարել։ Հիմա իրավիճակը աշխարհում այնպիսին է, որ ՄԽ համանախագահների միջև կա որոշակի տարաձայնություն, բայց ոչ՝ այս հարցի շուրջ, դրա պատճառով մի քանի հանդիպումներ, որ, ենթադրվում էր, պետք է լինեին, չեն եղել։ Դա չի նշանակում, որ ՄԽ համանախագահությունը չի աշխատում կամ չի աշխատելու։ Այս իրավիճակն էլ կանցնի, համանախագահությունը կվերականգնի իր ֆունկցիան, պարզապես մենք պետք է նորմալ աշխատենք՝ որպես պետություն, մեր դիվանագիտական ուժերը օգտագործենք և թույլ չտանք՝ ադրբեջանական ճնշումներ լինեն։ Ի վերջո, եթե Հայաստանն էլ ասի այն, ինչ՝ Ադրբեջանը, բնականաբար, ՄԽ համանախագահները անելու բան չեն ունենա, բայց եթե մեր պետությունը շեշտը դրեց միջազգային իրավունքի վրա, ոչ թե քաղաքական կամ ռազմական ճնշումների, կարող է իր շահը պաշտպանել նաև ՄԽ համանախագահության շրջանակում։
- Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում, բայց առանձին հայտնել են իրենց պատրաստակամությունը։
- Ոչ մի տեղ գրված չէ, որ երեքը միաժամանակ պետք է համագործակցեն, հնարավոր է՝ հանդիպումներն առանձին են լինում։ Համագործակցության ֆորմատը որևէ տեղ գրված չէ։ Մինչև այս էլ այնպես չէր, որ ՄԽ համանախագահությունը միշտ միասին էր։ Առանձին ունեն մանդատ, և այդ մանդատի շրջանակում իրենց ջանքերը գործադրելու են։ Այս ամենը վաղ, թե ուշ կանցնի, և պետությունները կհամագործակցեն։ Հիմա նույն պետությունները աշխատում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, նստում են միևնույն սեղանի շուրջ, հարցեր են քննարկում։ Ոչ մի պետություն չի ասել, որ ինքը դադարեցնում է իր անդամակցությունը, ոչ մի պետություն չի ասել, որ չի ուզում լինել համանախագահության կազմում։ Բոլորն ասել են, որ ուզում են ջանքեր գործադրել խնդրի կարգավորման հարցում, պարզապես Ուկրաինայի խնդրի հետ կապված չեն ուզում դեռ միմյանց հետ սեղանի շուրջ նստել։ Դրանից ելնելով՝ Ալիևի պնդումների ջրաղացին ջուր չպետք է լցնել։
- Խոսվում է «3+3» համագործակցության ձևաչափի մասին։ Այդ ձևաչափը Հայաստանի համար արդյունավե՞տ է, թե ոչ։
- Ցանկացած ձևաչափ արդյունավետ կլինի, եթե դա ճնշման գործիք չլինի։ Ես չեմ կարծում, որ մենք այս ձևաչափին միացել ենք ազատ կամքի արդյունքում։ Դա ճնշման արդյունք է։ Ճնշումը թուրք-ադրբեջանական է, որովհետև դա հարթակ է նրանց համար, որ այս տարածաշրջանից դուրս մղեն բոլոր այն ուժերին, որոնք ինչ-որ կերպ կարող են ազդեցություն ունենալ ուժերի բալանսավորման վրա։ Դրանք այն պետություններն են, որոնք ուզում են Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ։ Ձևաչափը շահեկան կլիներ, եթե մենք մտած չլինեինք ճնշման արդյունքում, եթե այնտեղ մտած լինեինք՝ մինչև պատերազմի սկիզբը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, թե միջազգային հանրությունը ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը։ Ի՞նչ է նշանակում այս պահանջը։
- Չկա այդպիսի բան։ Նախ, պետք է հասկանանք՝ ով է միջազգային հանրությունը, և երկրորդը՝ միջազգային հանրությունը երբեք այդպիսի պահանջ հայկական կողմի առջև չի դրել։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ այդ նույն միջազգային հանրությունը իրեն ստիպում է, որ ինքը ճանաչի Արցախը։ Այդ ո՞նց մի օր էլ միջազգային հանրությունը որոշեց Հայաստանին ստիպել, որ հրաժարվի Արցախի ինքնորոշման իրավունքից։ Այսինքն, այստեղ քաղաքական մանիպուլյացիա է և իրավիճակին չտիրապետելու հետևանք, և թող սեփական մեղքը որևէ այլ պետության, հանրության կամ քաղաքացիների վրա չգցի վարչապետը։
- Ըստ Ալիևի՝ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանը չի կարող զարգանալ։
- Հայաստանը կարող է զարգանալ, եթե սեփական ներուժը արդյունավետ կոնսոլիդացնի և օգտագործի, ոչ թե պառակտի ու ցիրուցան անի։ Պարզ է, որ հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալը օգնում է պետությանը՝ զարգանալ, բայց չի նշանակում, որ եթե հարևաններդ ուզում են քո նկատմամբ ագրեսիա անել, զավակներիդ սպանել, պատերազմական հանցագործություններ անել, այդ միջավայրում նրանց հետ պետք է համագործակցես։ Երեսուն տարվա ընթացքում, եթե մեր պետությունը փորձած լիներ իր ներուժի հիսուն տոկոսը օգտագործել, կտեսներ, որ տնտեսական զարգացումը հնարավոր է՝ նաև առանց թշնամական միտում ունեցող հարևանների հետ համագործկացության։ Միևնույն ժամանակ, կողմ եմ, որ հարևանների հետ ունենանք լավ հարաբերություններ, բայց ոչ այն հարևանների, ովքեր քեզ ուզում են սպանել։
Անուշ Մկրտչյան