Քաղաքական

«Ոչ դանակը, ոչ դմակը գործող իշխանության ձեռքին չեն». Արման Մելիքյան

«Ոչ դանակը, ոչ դմակը գործող իշխանության ձեռքին չեն». Արման Մելիքյան

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, կարգավիճակի հարցով սահմանված նշաձողի հնարավոր իջեցման ու դրա հետևանքների մասին Radar Armenia-ն զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

- Պարո՛ն Մելիքյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը հորդորում է իջեցնել Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը։ Սա ի՞նչ է նշանակում, ո՞րն է այն նշաձողը, որ կարող է առավելագույնս իջեցվել։

- Վարչապետ Փաշինյանը հանելուկների լեզվով է խոսում, որը, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կհասկանա: Պարզ չէ, թե այդ խորհրդավոր ու անհասցե «միջազգային հանրություն» ասվածի տակ կոնկրետ որ պետություններն են թաքցված, և նշաձողը մի փոքր իջեցնելն ինչ չափման միավորով է չափվում: Գուցե վարչապետի կուսակիցների համար այդօրինակ խորհրդապաշտությունը սրտամոտ է, բայց սովորական, շարքային քաղաքացին այս ամենից միայն բացասական կանխազգացումներ կարող է ունենալ:

Ենթադրելի է, որ ՀՀ վարչապետն այս կերպ է մարդկանց նախապատրաստում ապագա բացասական զարգացումներին: Ուշադրություն են գրավում նաև իր խոսքում տեղ գտած իրավաքաղաքական բնույթի էական անճշտությունները: Օրինակ, նա ասաց, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին, մինչդեռ 1993 թվականին, արտաքին ճնշումներին ենթարկվելով, ինքն իրեն հակամարտության կողմ ճանաչած պաշտոնական Երևանն այդպիսով հաստատեց, որ խորհրդային սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության տարբերակը չի ընդունում: Այս ամենը հստակ պարզաբանումների կարիք ունի, մշուշը մարդկանց անորոշության մեջ պահելու և հոգեբանորեն ճնշելու միջոց է:

- Արդյո՞ք այդ նշաձողն իջեցնելուց հետո Արցախի ժողովրդի անվտանգային խնդիրները կլուծվեն։

- Ո՛չ այդ նշաձողի ներկա դիրքն է հայտնի իրականում, ո՛չ դրա իջեցման չափն ու հնարավոր հետևանքները: Ըստ էության, կարելի է հսկայական զիջումներ անել ու դա կոչել նշաձողի՝ մի փոքր իջեցում: Դրա հետ մեկտեղ՝ հիշենք, որ ոչ դանակը, ոչ դմակը ՀՀ գործող իշխանության ձեռքին չեն ու հանձնված են խորհրդավոր ու անհասցե միջազգային հանրությանը, որի մասն են, հաստատ, նաև՝ Թուրքիան ու Ադրբեջանը:

- Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրությունը հստակ ասում է, որ լինել աշխարհի միակ երկիրը, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար։ Արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է Արցախի կարգավիճակից հարցից հրաժարվել։

- Կրկնեմ, որ միջազգային հանրություն ասվածի անանունությունը վարչապետի ելույթում կասկածահարույց է: Սա այն դեպքն է, երբ պետք է կոկրետ երկրների անուններ տրվեն: Այլոց տեսակետները մեզ համար կարևոր են, բայց դրանցով սեփական քայլերն արդարացնելն, առնվազն, տարօրինակ է: Այսկերպ, վարչապետը սեփական պատասխանատվությունից հրաժարվում է՝ չասելով՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: Դրա փոխարեն, փաստորեն, անուղղակիորեն հորդորում է՝ ենթարկվել ուրիշների տեսակետներին:

- Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի պասիվ արձագանքը՝ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը, ձախողում է կազմակերպության համար։ Այս հայտարարությամբ նա ի՞նչ ուղերձ է հղում ՌԴ-ին։

- Տեսանելի է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ իշխանությունները չեն կարողացել այդ կազմակերպության լիարժեք աջակցությունն ապահովել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից: Իրողություն է, որ ՀԱՊԿ-ի առանցքը Ռուսաստանն է, և այդ կազմակերպությունը տեղից շարժելու համար հենց Մոսկվան պետք է բացահայտ կամ լռելյայն իր համաձայնությունը տա: 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կարճատև այցը Ղազախստան ասվածի առարկայական ապացույցն է: Ընդ որում, այդ խաղաղապահ գործողությունը իրականացվեց ՀԱՊԿ-ի հայկական նախագահության շրջանում: Այսինքն, կոնկրետ այս դեպքում Մոսկվան լիարժեքորեն համագործակցեց վարչապետ Փաշինյանի  հետ:

- Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ռուս խաղաղապահների կողմից հայ պատգամավորներին Արցախ մտնելն արգելելը։

- Այս միջադեպը պիտի համակողմանիորեն քննվի: Բոլոր դեպքերում, մեզ համար սա բացասական հետևանքներով հղի նախադեպ է, որը կարող է կրկնվել: Դրա կրկնությունը պետք է բացառվի:

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական