Քաղաքական

«Թերահավատ եմ միջազգային հանրության ուղերձի ճշգրիտ փոխանցման հարցում». Հայրապետյան

«Թերահավատ եմ միջազգային հանրության ուղերձի ճշգրիտ փոխանցման հարցում». Հայրապետյան

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման ու դրա հնարավոր հետևանքների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման պահանջի, ՀՀ-ից ՌԴ-ին ուղղված ուղերձների վերաբերյալ Radar Armenia-ի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

- Պրն Հայրապետյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունն ասում է՝ «իջեցրեք Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ Սա ի՞նչ է նշանակում, ո՞րն է այն նշաձողը, որ կարող է իջեցվել։

- Փոքր-ինչ թերահավատ եմ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային հանրության ուղերձի ճշգրիտ փոխանցման հարցում: Այդպիսի բան նրանից կարող էր պահանջել միայն Ռուսաստանը, իսկ Ռուսաստանն այսօր ոչ թե միջազգային հանրությունն է ներկայացնում, այլ այդ հանրության «իզգոյ» հատվածը: Մի հարցում, սակայն, Փաշինյանը ճիշտ է, ոչ թե կարգավիճակը պետք է բխի Արցախում ապրող բնակչության հիմնարար իրավունքներից, այլ այդ իրավունքներից պետք է բխի Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես մշտապես եղել է: Արցախի անկախության նշաձողը կարող է ժամանակավորապես իջեցվել միայն միջազգային մանդատի աստիճանի: Ոչ մի քայլ դրանից վար, այլապես Արցախը կկորսվի վերջնականապես:

- Արդյո՞ք այդ նշաձողն իջեցնելուց հետո Արցախի ժողովրդի անվտանգային խնդիրները կլուծվեն։

- Նայած՝ մինչև ուր կիջեցվի: Եթե իջեցվի Ադրբեջանի կազմ Արցախի ընդունման, ապա բացարձակապես որևէ անվտանգային երաշխիք չի կարող լինել: Դա ինքնախաբեություն կլինի:

- Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրությունը հստակ ասում է, որ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար։ Արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է Արցախի կարգավիճակի հարցից հրաժարում։

- Կրկնեմ՝ վստահ չեմ, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախով հանդերձ Արդբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: Անշուշտ, հնարավոր են այնպիսի ձևակերպումներ, որոնցով կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն տեղ կթողնվի Արցախի հետագա կարգավիճակի վիճարկման համար: Աշխարհում ոչ մի բան սև-սպիտակ չէ՝ ի հեճուկս մեր իշխանությունների աշխարհընկալման, առավել ևս՝ դիվանագիտությունը: Ըստ այսմ էլ՝ Արցախի հարցից հրաժարում չի լինի, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիվանագիտական ընդունելի ձևակերպում համաձայնեցվի:

- Փաշինյանը նշել է, որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքը ձախողում է կազմակերպության համար։ Այս հայտարարությամբ նա ի՞նչ ուղերձ է հղում ՌԴ-ին։

- Փաշինյանը երկրորդ անգամ հրապարակավ կրկնեց նույն միտքը և շատ ճիշտ արեց: Պուտինն ասել է, որ եռակողմ հայտարարության տեքստն անձամբ է գրել, ուստի, թող բարի լինի՝ կատարել իր պարտավորությունը: Իսկ եթե չի ուզում կամ չի կարողանում կատարել, ապա Հայաստանը բնական իրավունք և պարտավորություն ունի՝ այլ տեղերում հուսալի գործընկերներ փնտրելու: Սա էր այդ ուղերձի էությունը, ինչը ողջունելի է:

- Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ռուս խաղաղապահների կողմից հայ պատգամավորների մուտքն Արցախ արգելելը։

- Պատերազմի ավարտից անմիջապես հետո Պահպանողական կուսակցությունը, ի տարբերություն այսօր սահմանին մերժվող ու պատերազմի թեժ պահին փողոց դուրս եկածների, հայտարարել է, որ Արցախը միմյանց միջև կիսեցին Ռուսաստանն ու Թուրքիան: Ռուսաստանն իր տարածքն է համարում Արցախի՝ իր «խաղաղապահների» վերահսկած հատվածը՝ իրեն պահելով տիրոջ իրավունքների մեջ: Արցախի ադրբեջանական և ռուսական տարածքների միջև միակ տարբերությունն այն է, որ ռուսական հատվածում հայեր ապրում են, թեև՝ ամենօրյա տագնապների մեջ: Դա նաև ապտակ էր Հայաստանին, որից Հայաստանը հետևություններ պետք է անի: Հիշենք, որ պատմական հայրենիք և մեր մշակութային բազմահազարամյա կոթողների արեալ լինելուց առաջ՝ Արցախն այն մարդիկ են, որոնք ապրում են և ապրելու են այնտեղ: Ռուսաստանն իր արգելանքի այդ քայլով մեկ անգամ ևս հիշեցրեց, որ հայ մարդիկ, անգամ ՀՀ ԱԺ մոլի ռուսասեր պատգամավորներն, իր համար ոչինչ են:

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական