Քաղաքական

Վրաստանի հետ համագործակցությունը առավելագույն արդյունավետ դարձնելու հարցում տարընթերցումներ չկան. Փաշինյան

Վրաստանի հետ համագործակցությունը առավելագույն արդյունավետ դարձնելու հարցում տարընթերցումներ չկան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի:

Ըստ վարչապետի, դժվար է գերագնահատել երկրների միջև հարաբերությունների հարցը. «Բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակի ազդեցություն բերում են: Եվ այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ՝ ավելի շատ կառուցակարգային: Նաև արտաքին քաղաքականության ոլորտում  տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է: Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի»:

Վարչապետը նշեց, որ պետք է փորձել աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի երկու երկրների տնտեսական հարաբերություններում, մանավանդ, որ գործում է ազատ առևտրի համաձայնագիր. «Նաև տարանցման հետ կապված հարցեր կան, որոնք պարզապես անհաղթահարելի են: Երբ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակվում է, ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի կառավարությունը ինչ-որ իրավիճակներում ոչինչ անել չի կարողանում: Հիմա մենք լաստանավի գործարկման որոշում ենք կայացրել, և դեռ պետք է տեսնենք՝ կաշխատի՞, թե՞ ոչ»:

Փաշինյանը շեշտեց՝ Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների խնդիրը տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր ոլորտներում համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելն է: Վրաստանի  հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում. «Եվ մենք հետևողական ենք այդ հարցերում: Եվ ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական