Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումներին, որպես այդպիսին հիշատակեց 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Ըստ նրա, սա ՀԱՊԿ ձախողումն է. «Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաեւ կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչեւ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»: