ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում անդրադարձել է 44-օրյա պատերազմի պատճառներին. «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում եմ մեղքը, բայց չեմ ընդունում մեղադրանքը, և թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական և թե՛ ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող՝ մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն՝ դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին: Եվ սա չանելն է իմ իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը՝ դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա:
Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»։