Քաղաքական

«Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր պարզապես հանձնել ու դիմացը չստանալ ոչինչ». Ն. Փաշինյան

«Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր պարզապես հանձնել ու դիմացը չստանալ ոչինչ». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է, թե ինչո՞ւ ժամանակին հասարակությանը չի ներկայացրել ԼՂ խնդրում տիրող իրավիճակը։

Ըստ նրա՝ մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը, և երրորդ հարց՝ այդ ամենը կյանքի կոչելը. «Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչո՞ւ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ, և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական:

Այն նույն պատճառով, որ Արցախի և Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչև օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլև 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչև օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:    

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք և կրում ենք, ունեն մի մեծ նպատակ, և այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է, և դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում՝ այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցևայնպես միակամ և միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով, և այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել՝ նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ և լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով՝ ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավել ևս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական